Վերելք Մազազ լեռ

Ասու՞մ եք աշուն …
Երեկ մեր առաջին ձմեռային վերելքն էր։ Այն էլ ինչ վերելք՝ Մազազ լեռ, որն ունի 3087մ բարձրություն։ Մազազ լեռը գտնվում է Գեղամա լեռների հյուսիսում՝ Լեռնանիստ գյուղից 14կմ հեռավորության վրա։ Ծրագրել էինք մեքենայով հասնել Լեռնանիստ և այնտեղից այլ մեքենաներով (արտաճանապարհային) հասնել լեռանը, որքան հնարավոր է մոտ։ Բայց հենց գյուղից առատ ձյան շերտ էր, ինչը սկզբում մտահոգվելու տեղիք տվեց, սակայն փորձառու և տեղանքը լավ ճանաչող վարորդները մեզ հասցրեցին ցանկալի կետին։ Արշավի առաջին մասը ձյան շերտի հաղթահարումն էր մեքենաների միջոցով, իսկ երկրորդը՝ սեփական մարմնի ֆիզիկականի օգնությամբ։ Շրջայքը սարսափելի գեղեցիկ էր, բոլոր գագաթներն ու շրջակայքը ձյունածածկ էին, երկինքը՝ ջինջ կապույտ, Սևանն էլ իր մեջ էր առել երկնքի կապույտն ու ինքն էլ երկինք դարձել երկրի վրա։ Մեր փոքրիկ արշավականները ձյան հետ կռիվ տալով վեր էին բարձրանում։ 2750մ բարձրության վրա մեր երեք ամենափոքր արշավականները հետ իջան, քանի որ իրենց շատ դժվար էր ձյան այս շերտը հաղթահարելը։ Իհարկե նրանք մենակ չէին, այլ մեր սիրելի հրահնգչի հետ։ Այսպես էլ է լինում։ Ճանապարհը շարունակեցինք 11 հոգով և հասանք գագաթ։ Գագաթին տաս րոպե անգամ չկարողացանք մնալ, քանի որ շատ ցուրտ էր, որը կրկնապատկվում էր կտրող քամու թեթև սուլոցով։ Այնպես որ մի կտոր սնունդ ընդունեցինք ու սկսեցինք հետ իջնել։ Սա մեր առաջին լեռն էր, որի վրա դրոշով չնկարվեցինք, քանի որ ցուրտ էր, և չարժեր այդ նկարի համար երեխաներին անհարմարություն պատճառել։ Բայց գագաթից բացվող տեսարանն անզուգական գեղեցիկ էր, օդի պարզության շնորհիվ բոլոր գագաթներն այնքան մոտ էին, թվում էր՝ ձգվես ձեռքդ կհասնի Արարատին։
Այս երեխաների հետ ուր ասեք կարելի է գնալ, նրանք հոգատար են փոքրի և դժվարությամբ քայլողի հանդեպ։ Այնպես կոգևորեն, կօգնեն դժվարությունը հաղթահարել, որ զարմացած կմնաք։ Նրանց հետ հանգիստ է, քանի որ գիտես, որ պատրաստված են և քայլում են թիմային շահից ելնելով։ Մեր ակումբի երեխաները ուժ են և՛ մտքով, և՛ ֆիզիկապես, ունեն ուժեղ կամք, համբերություն, դիմացյունություն։

Քայլեցինք 6կմ, հաղթահարեցինք 499մ բարձրություն, Բայց ձյան մեջ քայլելն այս ամենը կրկնապատկում է։