Տեսիլք լեռ և քարանձավ

Կիրակիները միշտ սպասված են մեզ համար, քանի որ հնարավորություն ենք ունենում բացահայտել մեր չքնաղ բնությունն ու հայրենի երկիրը։ Մարտի 7-ին ուղևորվեցինք Տավուշի մարզ, այս տարի՝ արդեն 2-րդ անգամ։Տեսիլքը գտնվում է Տավուշի մարզում՝ Գանձաքար գյուղից արևելք:  Այն գտնվում է Միափորի լեռնաշղթայի ճյուղավորություններից մեկի՝ Վարագի լեռների լեռնահամակարգում: Բարձրությունը՝ 1372 մ: Լեռանը նայելիս անհավանական է թվում բարձրանալը, բայց մենք արդեն սովորել ենք, որ գողտուկ ճանապարհները մեզ կտանեն դեպի գագաթ։ Տեսիլք լեռան գագաթին նախկինում ամրոց է եղել: Պատերը եռաշարք են եղել՝ շարված խոշոր, անմշակ քարերով և առանց շաղախի, որի որոշ պահպանված մասեր հնարավորություն ունեցանք տեսնել վերելքի ընթացքում։ եղել, որոնց լայնությունը հասել է մինչև 3 մ, շարված խոշոր, անմշակ քարերով, առանց շաղախի: Ամրոցում կատարված պեղումների ժամանակ հայտնաբերվել են մ. թ. ա. IV—III դդ. թվագրվող 12 կավե կարմիր, սև և երկնագույն հնագիտական սափորներ, ինչպես նաև հնագիտական այլ իրեր։

Մինչ անտառ մտնող ճանապարհին հասնելը ստիպված էինք քայլել կոշիկների վրա ցեխ հավաքելով։ Բայց ոչինչ, դա էլ իր դրական կողմն ուներ՝ ոտքերի լավ մարզում ստացվեց։ Անտառային ճանապարհը մեզ տարավ դեպի գագաթ տանող զառիթափ լանջը, որը չնայած ֆիզիկական լարվածություն պահանջեց մեզնից, բայց կարճ ժամանակում հասցրեց գագաթ։ Շատ մեղմ եղանակ էր՝ չնայած ամպերի մթնած լինելուն։ Գագաթին գանգստանալուց հետո սկսեցինք իջնել լեռան արևելյան կողմում գտնվող քարանձավը։ Այստեղ իջնելու համար, հատկապես վերջին 100 մ-ին պետք է կենտրոնացնել ուշադրությունը, քանի որ այն անցնում է նեղ արահետով, որը դեպի անդունդ է նայում։ Իսկ մեր արշավի ժամանակ ձյունածածկ էր, ինչը ավելի շատ կենտրոնացում էր պահանջում սահանկումից խուսափելու համար։ Քարանձավն ունի 2 մեծ պատուհան, որի շնորհիվ էլ լուսավորվում է քարանձավը: Ասում են՝ որ քարանձավը նախկինում բուժկետ է եղել ամրոցի համար, վիրավորներին տեղափոխել են այնտեղ:

Ավանդազրույցի համաձայն քարանձավից դեպի անտառ եկող ճանապարհի վրա մի երկար ուղղաձիգ ձգվող անցք կա։ Տարինե առաջ գյուղացիներից մեկին պարանով կապել են և իջացրել այդ անցքից, որպեսզի հասկանան՝ մինչև ուր է գնում։ Այդ մարդը զգուշացրել է, որ եթե գոռա, ուրեմն դեռ կենդանի է, սակայն իջնելուց հետո նա սկսել է ծիծաղել։ Բարձրացրել, հանել են նրան և տեսել են, որ նա խելագարվել է։ Այդ օրվանից գյուղացիները վախենում են գնալ այդ ճանապարհով։

Արշավի ընթացքում քայլեցինք 8,5 կմ, հաղթահարեցինք 780մ բարձրություն։