Ֆիզիկական պատրաստվածություն

Ֆիզիկական պատրաստվածությունն ուղղված է առողջության ամրապնդմանն ու պահպանմանը, մարդու մտավոր և ֆիզիկական կարողությունների զարգացմանը։ Այն նպաստում է երեխաների հոգու և մարմնի ներդաշնակությանը, նրանց մոտ ձևավորում են այնպիսի արժեքներ, ինչպիսիք են` առողջությունը, ֆիզիկական և հոգեբանական բարեկեցությունը: Ինչքան էլ լեռնագնացը լավ իմանա լեռան առանձնահատկությունները, ունենա լավ գույք-հանդերձանք, եթե նա ֆիզիկական պատրաստվածություն և կամային հատկանիշներ չունի, չի հասնի լուրջ արդյունքների:

Լեռնագնացի ֆիզիկական գործունեությունը կայանում է տարբեր թեքության լանջերով տեղաշարժվելու մեջ, որոնք ծածկված են քարերով, սառույցով, ձնով կամ խոտով:  Լեռնագնացի ֆիզիկական ծանրաբեռնվածությունը բարդանում է նրանով, որ նա իր վրա տանում է ուսապարկ: Լեռնագնացները մագլցում են տարբեր չափերի և բարդության ժայռեր: Տեղաշարժման ընթացքում, օգտագործելով տարբեր տեխնիկական միջոցներ, լեռնագնացը պետք է ապահովի իր և խմբի մյուս անդամների անվտանգությունը: Լեռնագնացը կարող է գնալ վերելքի կամ մագլցման միայն այն դեպքում, երբ ունի բավարար ֆիզիկական պատրաստվածություն: Հարկավոր է այնպես մարզվել, որպեսզի զարգացնենք և դիմադրողականությունը, և ուժային հնարավորությունները: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է հետևել ֆիզիկական պատրաստավածությանը՝ կատարել կքանստումներ, հրումներ, ձգումներ, վազել և կատարել այլ ֆիզիկական վարժություններ:

Մենք կազմակերպում ենք նաև ֆիզիկական պատրաստվածության դասեր, սակայն դա բավարար չէ և ակումբի յուրաքանչյուր մասնակից ինքնուրույն պետք է պարբերաբար մարզվի և կատարելագործի ֆիզիկական և կամային հատկանիշները: