Եթե Աշոցք, ուրեմն դահուկավազք

Այս անգամ ուղևորվեցինք Հայաստանի հյուսիս՝ Աշոցք։ Նախորդ օրը տեղացած ձյունը մեր սրտով էր, քանի որ գնում էինք դահուկավարելու և վայելելու ձյունը։ Մինչև Գյումրի և նույնիսկ Գյումրիից հետո էլ երեխաները կատակում էին, որ ցեխի վրա ենք սահելու և ցեխագնդիկ խաղալու։ Բայց ամեն կիլոմետրի հետ սարերը ճերմակում էին՝ ծածկվելով ավելի հաստ ձնե վերմակով։ 23 երեխա, ովքեր դահուկավարել չգիտեին, նույնիսկ դահուկի վրա չէին կանգնել, գնում էին դահուկ քշելու։ Կարծու՞մ եք հնարավոր չէ։ Լավ էլ հնարավոր է, եթե ձեզ ընդունելու են Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի պրոֆեսիոնալները։ Նախքան դահուկին անցնելը ձնագնդիկ խաղացինք, սահնակով սահեցինք, լիցքավորվեցինք էլ ավելի լավ տրամադրությամբ և անցանք դահուկի դասերին։ Արթուր Միքայելյանը նախ պատմեց Հայաստանի դահուկի պատմությունը, ապա կազմակերպեց վարժանքներ՝ սովորեցրեց ինչպես պետք է ընկնել, ինչպես պետք է քայլել դահուկով և նոր միայն կանգնեցինք դահուկների վրա։ Սկզբում շատ ընկնելով, իսկ հետո ավելի վստահ սկսեցինք սահել։ Այդ մեկ օրում երեխաներին հաջողվեց նույնիսկ թեք լանջեր իջնել։ Շատ շնորհակալ ենք Հայաստանի դահուկային ֆեդերացիային հրավերի համար, իսկ Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիային աջակցության համար, քանի որ այս օրը շատ գեղեցիկ ամփոփեց 2019թ.-ի ավարտը։ Մեր ակումբը այն հաջողակներից է, որ միշտ բախտ է ունենում համագործակցել այնպիսի ակումբների, կազմակերպությունների և անձանց հետ, ովքեր անշահախնդիր աջակցում են մեր գործունեությանը։ Պայմանավորվածություն ձեռք բերեցինք հետագա համագործակցության շուրջ, որը կխթանի մանկապատանեկան դահուկավարման և լեռնագնացության, ինչպես նաև ձմեռային զբոսաշրջության զարգացմանը։
Մեկ անգամ ևս շնորհակալություն Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի պրոֆեսիոնալ և հյուրընկալ անձնակազմին՝ Գագիկ Սարգսյանին և Արթուր Միքայելյանին, մեր երեխաներին կարճ ժամանակում դահուկավարման հմտություններ սովորեցնելու համար։