Մենք` «Բեզենգի» ալպինիստական ճամբարում
Այս ուղևորությունը, ինչպես 2022թ.-ին Իրանում ունեցած մեր վերելքները, նույնպես կարելի է «բացառիկ» ածականով ներկայացնել, քանի որ մինչ այս Հայաստանից միայն մեծահասակներն էին այս ուղղությամբ գնացել, և մենք Հայաստանից առաջին երեխաների խումբն էինք:
2024թ.-ին տարվա սկզբից արդեն պլանավորել էինք Բեզենգի գնալ: Ովքեր չգիտեն, թե ինչ է իրենից ներկայացնում Բեզենգին, մեծ բան են կորցնում:
Սա Կովկասի հիացնող գեղեցկությամբ և հսկայական լեռնային շրջաններից է, որտեղ հոյակերտ ձյունաճերմակ գագաթները վիթխարի կապույտ սառցադաշտերի միջով ձգվում են դեպի երկինք:
Բեզենգիի տարածքում են գտնվում հինգ հազար մետրը գերազանցող ութ գագաթներից վեցը (բացառությամբ Էլբրուսի և Կազբեկի): Ռուս լեռնագնացներն այս շրջանն անվանում են «Փոքր Հիմալայներ»՝ իրենց բարդ գագաթների և մեծ լեռնային հովիտների միջև ձգվող հավերժական սառցադաշտերի համար: Եվ հենց այս հզոր գագաթների միջով անցնող երկու կիրճերի հատման կետում էլ գտնվում է «Բեզենգի» ճամբարը:
Հուլիսի 28-ին շարժվեցինք Երևանից և հուլիսի 29-ին՝ երկու սահման հատելուց, 21 ժամ ճանապարհ անցնելուց հետո, հասանք Բեզենգի բարձր-լեռնային ճամբար։ Թեև ճանապարհից հոգնած էինք, բայց օրը չկորցրեցինք և արշավ արեցինք դեպի Ժիգինջի ջրվեժ, վայելեցինք բնությունն ու մարող օրվա մեղմ գույները։ Քայլեցինք 4 կմ, հաղթահարեցինք 150մ հարաբերական բարձրություն:
Հուլիսի 30-ի արշավը լի էր «սարսափազդու» լեռների տեսարաններով։ Շուրջբոլորն այնպիսի լեռներ են, որ մտքովդ անգամ չի անցնում, որ կարելի է հաղթահարել այդ հսկաների բարձրությունը։ Բայց արի ու տես, որ կան նման համարձակներ, իհարկե խոսքը մեր մասին չէ: Ճամփորդության երրորդ օրը քայլեցինք մինչև Ուկու-կոշ խրճիթ կոչվող լեռնային գոտի, որը գտնվում է 3200մ բարձրության վրա։ Արահետի 3,5 կմ ընթացքում անցնանք 600մ հարաբերկան բարձրություն, իսկ 1կմ-ի ընթացքում՝ 400մ հարաբերական բարձրություն: Հենց այս վերջին մեկ կիլոմետրն էր բավականին զառիթափ: Վերևում թեյ պատրաստեցինք, վայելեցինք վերևից բացվող տեսարաններտ, բախտ ունեցանք տեսնել այծերի։ Հետ վերադարձին երեխաներն այնքան աշխույժ էին, որ թվում էր իրենք չեն 1000մ հարաբերական բարձրություն հաղթահարել և քայլել 9կմ։ Լավ օր էր, անմոռանալիների ցանկից։ Երեխաները էներգիայով լիացքավորված վերադարձան, ինչն ակնհայտ էր փայլող աչքերից:
Հուլիսի 31-ի մասին պատմելը քիչ է։ Պետք է նաև կցված նկարները նայել, որ գոնե թեթև պատկերացում կազմեք այն գեղեցկության մասին, որը մենք ենք տեսել։ Ինչու՞ թեթև պատկերացում, որովհետև նկարները չեն փոխանցում այն, ինչ տեսել ենք իրականում։ Առավոտյան խիտ մառախուղ էր։ Բայց վստահելով ներքին ձայնին, որոշեցինք քայլել դեպի Միժիրգիի սառցադաշտ և սառցամագլցման դաս անել։ Մինչև գույքը բաշխեցինք և դասավորեցինք ուսապարկերում, մառախուղը սկսեց հետ քաշվել։ Այս անգամ ուսապարկում նոր լեռնային պարագաներ էին ավելացել` սառցահատ, սառցակտրիչ, սաղավարտ և այն ամենը, ինչ անհրաժեշտ է մագլցման համար։ Միժիրգի գետը ցած էր հոսում, իսկ մենք վեր էինք բարձրանում։ Սառցաճեղքեր տեսանք, քարաթափության ձայներ լսեցինք, նույնիսկ փոքրիկ ձնահոսքի ականատես եղանք, քայլեցինք սառցադաշտով, սառցամագլցում արեցինք, հասկացանք, որ կատվիկով մագլցելն այնքան էլ հեշտ գործ չէ ու այս ամենի շնորհիվ մեծ փորձառություն կուտակեցինք։ Եվ այս ամբողջ ընթացքում պարբերաբար քարայծերի էինք հանդիպում, որոնք բավականին մոտ էին մեզ և չէին փախչում։ Ամեն բան բարեհաջող և տպավորիչ անցավ։ Քայլեցինք 14 կմ, հաղթահարեցինք 960մ հարաբերական բարձրություն` զգալով Բեզենգիի Հյուսիսային Լեռնազանգվածի շունչը։
Օգոստոսի 1-ին բավականին թեթև օր ունեցանք: Օրվա առաջին կեսին ազատ էինք, իսկ երկրորդ կեսին ժայռամագլցում արեցինք: Մագլցեցինք երկու ուղիներով, որոնք մոտ 16մ բարձրության էին: Այստեղ բարդությունը նրանում էր, որ պետք է մագլցեինք արշավային կոշիկներով, քանի որ երբ սարերում ես և անհրաժեշտ է անցնել որևէ ժայռային հատված, մեծ մասամբ հնարվորություն չկա հագնել մագլցման կոշիկներ և ժայռային հատվածը պետք է անցնել հենց արշավային կոշիկներով:
Օգոստոսի 2-ին մեր ուժեղների խումբը շարժվեց Բեզենգիից և օգոստոսի 3-ին արդեն Երևանում էին: Սա լավ հնարավորություն էր նոր գիտելիքների ձեռքբերման, հմտությունների կատարելագործման, բնության և ընկերների հետ շփվելու առումով: Ինչպես ավագ արշավական ընկերներից մեկն էր նշել՝ երեխաներն այս տարի ամառային արձակուրդների մասին բավականին տպավորիչ շարադրություն կգրեն: