Կախարդական լաստիվեր
29.09.2024թ.-ի արշավային ուղղությունը դեպի Լաստիվեր էր: Լաստիվերը յուրահատուկ մի վայր է, որտեղ միահյուսված են հիասքանչ, հեքիաթային բնությունը և մարդու ձեռքի աշխատանքը: Այս դրախտային վայրը գտնվում է Խաչաղբյուր գետի կիրճում (Տավուշի մարզ), Ենոքավան գյուղից 3 կմ հեռավորության վրա: Այստեղ, խիտ անտառներով շրջապատված, թաքնված է կախարդական գողտրիկ մի անկյուն, որի քարանձավները, գեղատեսիլ ջրվեժը և ծառերի վրա կառուցված յուրօրինակ գեղեցիկ խրճիթներն ու տնակները հիացնում և մտովի տեղափոխում են կախարդական մի աշխարհ: Քարանձավները տեղակայված են հսկայական կիրճի եզրին, և այստեղ բարձրանալու համար մարդիկ ժամանակին գերաններից աստիճան են կառուցել։ Այս աստիճանը ավելի շատ նման է եղել լաստի, ոչ թե աստիճանի, ինչն էլ պատճառ է հանդիսացել այս վայրը «Լաստիվեր» անվանել:
Եղանակը շատ հարմար էր արշավի համար՝ քայլել ենք առանց շոգելու և մրսելու: Աշունը նոր-նոր է մոտենում անտառներին, էնպես որ և՛ աշնային տրամդրություն կար, և՛ ամառային: Գետի ափին հաճելի ժամանակ անցկացրեցինք, նույնիսկ ձուկ բռնելու փորձեր արեցինք (Գևորգը կարթով էր եկել): Վաղուց այս ուղղությամբ չէինք քայլել:
Քայլեցինք 7կմ, հաղթահարեցինք 500մ հարաբերական բարձրություն:





