Մայրամուտը Ազատի ջրամբարում
Մի քանի անգամ մտադրված, բայց ոչ ակնկալած եղանակի պատճառով, Ազատի ջրամբարում մայրամուտը վայելելու օրը հետաձգվում էր։ Բայց այս կիրակի` 01.12.2024թ․-ին, վերջապես հաջողեցինք։
Դե իհարկե կեսօրին Երևանի երկինքը ամպով էր ձգված, ինչը մի փոքր լարված պահեց, բայց երբ տեղ հասանք` արևը ողջունեց մեզ, շողերը ձգելով ամպերի միջից ու ճանապարհ բացելով դեպի կապույտ երկինք։
Լանջազատ գյուղից սկսեցինք քայլել` մեկ հայտնվելով անապատում, մեկ` բրգանման բլրակների ստորոտին, մեկ` ջրամբարի ափին շատ մոտ, մեկ էլ` բարձունքում, որտեղից ասես ափիդ մեջ լինեն Ազատի ջրամբարն ու Երանոսի լեռները։ Եվ առհասարակ, Ազատի ջրամբարն ու նրա շուրջբոլորը այլմոլորակային գեղեցկություն ունեն։ Սկզբում մեզ միացան երկու շուն, հետո նրանք դարձան երեքը, իսկ վերջում` չորսը )։
Երբ հասանք այն վայրին, որտեղ պետք է սպասեինք մայրամուտին, սկսեցինք խարույկին նախապատրաստվել։ Կրակի բոցավառ լեզուների մեջ մաշմելոու խորովեցինք, տաքացանք ու սկսեցինք շատախոսելով սպասել գեղեցիկին։
Մայրամուտը չքնաղ էր։ Երկինքը լցվել էր հարուստ երանգներով՝ սպիտակ, վարդագույն, նարնջագույն և կարմիրի խառնուրդներով: Արեգակը դանդաղ իջնում էր հորիզոնին մոտ, կարծես իր վերջին շողերն էր ուղարկում դեպի աշխարհ: Նրա մեղմ լույսը արտացոլվում էր ջրամբարի և լեռների վրա, ստեղծելով հետաքրքիր երանգներ: Մինչև արևի վառ ուղին ավարտվում էր, երկինքը ենթարկվում էր գունափոխությունների։ Կարծես աշխարհը դադարել էր շնչել և ժամանակը կանգնել էր։