DSC

Երեք օր Սյունյաց աշխարհում

Ապրիլի 24–26-ը պատանի լեռնագնացների հետ անցկացրեցինք Սյունյաց աշխարհում՝ լի բացահայտումներով, երկար ճանապարհներով, պատմամշակութային հուշարձաններով ու բնության ամենատարբեր պատկերներով։ Այս երեք օրերի ընթացքում երեխաները ճանաչեցին Հայաստանի հարավը՝ նրա պատմությունը, բնությունը, գյուղերն ու մարդկանց ստեղծած ժառանգությունը։ Ճամփորդության ընթացքում անցանք եղանակային տարբեր գոտիներով՝ գեղեցիկ կանաչ, ձնապատ լեռներ, անձրև և թաց ձյուն, քամի, կիզիչ արև ․․․

Օր 1

Մեր ճամփորդությունը սկսվեց Լիճք գյուղի ջրվեժներից, որտեղ գետի ձայնն ու ջրվեժների բազմահունչ աղմուկը կարծես ուղեկցում էին ողջ օրվա ընթացքում։

Լիճքի ջրվեժներ — գտնվում են Զվարագետի վրա: Զվարագետի մատչելի ջրվեժները չորսն են, գտնվում են իրարից փոքր հեռավորության վրա: Նույն գետի վրա գտնվող մյուս ջրվեժները համեմատաբար դժվարամատչելի են, սակայն իրենց գեղեցկությամբ չեն զիջում առաջիններին: Զվարի գետի ջրվեժները յուրօրինակ են նաև նրանով, որ յուրաքանչյուր ջրվեժի տակ կան բնական լողավազաններ, որտեղ կարող եք լողալ։ Մի քանի տասնյակի հասնող ջրվեժները սկսվում են գյուղից 2 կմ դեպի հյուսիս գտնվող ջրվեժների կասկադով եւ ձգվելով ողջ կիրճով՝ ավարտվում անտառի վերջում: 

Ջրվեժներից վերադառնալիս այցելեցինք նաև Զվարավանք, որը 17-րդ դարի Հայ առաքելական եկեղեցի է։

Զվարա վանք — գտնվում է Սյունիքի մարզի Լիճք գուղից 1.5 կմ հարավ-արևմուտք` Զվար գետի հովտում` ավերված համանուն գյուղատեղիում: Երբեմնի գոյություն ունեցած վանական համալիրից պահպանվել է միայն եկեղեցին, իսկ նրա շուրջը` գերեզմանոցի հետքերը: Եկեղեցին (XVII դ.) թաղածածկ ուղանկյուն դահլիճ է, երկթեք ծածկով և խորանի երկու կողմերում զույգ ավանդատներով: Շարված է ճեղքված բազալտով և կրաշաղախով: Աղոթասրահի երկայնական պատերի վրա կան երկու զույգ հզոր որմնամույթեր, որոնք, շնորհիվ իրենց զգալի լայնությանը` 1.50 մ, ավելի շատ թաղեր են հանդիսանում: Մույթերը և թաղակիր կամարները հուշարձանի ներքին տարածությունը բաժանում են երեք մասի, որոնցից երկուսը հավասար են միմյանց, իսկ երրորդը` արևելյանը, կարճ է: Մույթերի միջև երկայնական պատերին կից ստացվում են թաղածածկ խորշեր, որոնք զգալի մեծացնում են աղոթասրահի ներքին ծավալը: Եկեղեցու մուտքը հյուսիսից է, իսկ խորանի, ավանդատների, արևմտյան պատի, կամարակապ որմնախորշերի մեջ բացվում են մեկական պատուհաններ: Խորհրդային տարիներին եկեղեցին օգտագործվել է տնտեսական նպատակներով, և դրանով էլ պայմանավորված հարավային պատը ունեցել է մուտքային բացվածք և երկու պատուհան: Տանիքը խոտածածկ է, տեղ-տեղ պահպանվել են կղմինդրե սալիկները:

Լեռնային արահետներով քայլելուց հետո երեկոյան հասանք քաղցրանուշ Մեղրի, որտեղ մեզ սպասում էր հարավային քաղաքի ջերմ մթնոլորտը։

Օր 2

Թեև նախկինում եղել էինք Մեղրիում, բայց այսքան շատ վայրեր չէինք այցելել։ Այս անգամ լրացրեցինք այդ բացը։

Մեղրի — Հայաստանի հարավային դարպաս համարվող Մեղրին ըստ «Աշխարհացույցի» անվանվել է Արևիք գավառ, որի  անվան   ծագումը   կապվում   է «արևոտ տեղ» անվան հետ: Ըստ Ղևոնդ Ալիշանի  Արևիքը նախկինում կազմել է Գողթն գավառի մի մասը, իսկ հետո անջատվել նրանից և միացել  Սյունյաց աշխարհին: Մեղրիի անվան հետ կան  մի քանի վարկածներ:

  • Նրանցից մեկն այն է, որ Մեղրին  իր անվանումը  ստացել է հնում  այստեղ  ստացվող  մեղրի շնորհիվ:
  • Լինելով  Իրանին   շատ մոտ հարևան, տեսակետներից մեկի համաձայն էլ, Մեղրին իր անվանումը  ստացել է  պարսկերեն  Միհր /արև/ բառի հնչյունափոխությունից:
  • Հայ նշանավոր աշխարհագետ Կամսար Ավետիսյանի  կարծիքով էլ  Մեղրի անվան առաջացումը կապվում   է  տարածքում աճող քաղցրահամ թզից ծորացող մեղրի նմանվող հյութի  հետ:
  • Կա նաև  մի տեսակետ էլ, ըստ որի Արշակ 2-րդ թագավորը   Մեղրիի գինին խմելիս բացականչել  է. «Գինու չէ նման,այլ մեղրի»…

Մեղրի  բնակավայրի  տարածքը   բնակեցվել  է  դեռևս  քարի դարի  ժամանակաշրջանից, ինչի  վկայությունն էլ  նրա շրջակայքում հայտնաբերված բրոնզե և  երկաթե բազմաթիվ իրերն են; Միջին դարերում  Մեղրին օտար հրոսակների և նվաճողների կողմից   բազմիցս  ենթարկվել   է  ասպատակությունների, գրավման, միայն 1735 թվականին հայ մելիքները  վերջնականապես  այն ազատագրել  են:

Մեղրին հարուստ է պատմաճարտարապետական արժեք ներկայացնող հուշարձաններով՝ ինքնատիպ  եկեղեցիներով, բերդ-ամրոցներով  և այլն:

Հենց այս ամենն էլ ճանաչելու նպատակով նախաճաշից հետո ճանապարհ ընկանք դեպի Արաքսի հովիտ։ Ճանապարհի յուրաքանչյուր հատված փոխում էր բնապատկերը՝ ժայռերից ու կիրճերից մինչև արևոտ հովիտներ ու պատմական բնակավայրեր։

Արաքսի հովիտ — այստեղ բնությունն ու պատմությունը միաձուլվում են մեկ ամբողջության մեջ։ Աղմկոտ  Արաքս գետը հազարամյակներ շարունակ եղել է սահման, ճանապարհ ու կյանքի աղբյուր միաժամանակ։ Այստեղ՝ հայ-իրանական սահմանին, այն ոչ միայն բաժանում է երկու պետություն, այլ նաև միավորում է մշակույթներ, պատմություններ ու հիշողություններ։ Քամու մեղմ շոյանքը, լեռների խիստ գծերը և գետի անընդհատ հոսքը ստեղծում են մի յուրահատուկ պատկեր։ Հովտի կանաչը հակադրվում է ժայռերի կոպտությանը, իսկ երկնքի բաց կապույտը կարծես բացում է անսահմանության դուռը։ Արաքսի հովիտը նաև կարևոր բնական միջավայր է՝ հարուստ կենսաբազմազանությամբ․ այստեղ կարելի է հանդիպել բազմաթիվ թռչունների, բուսատեսակների ու կենդանիների, որոնք հարմարվել են այս յուրահատուկ կլիմային։ Եվ երբ կանգնում ես այս տեսարանի դիմաց, հասկանում ես՝ սահմանները քարտեզների վրա են, իսկ բնությունը միշտ ավելի մեծ է, ավելի ազատ…

Ստորև ներկայացված նկարները արվել են ժորա պապիկի խնամքի ներքո գտնվող այգուց։ Ժորա պապիկն այստեղ հիմնել է բնական միջավայր՝ որպես հանգստի և այս տեսարանը վայելելու անկյուն: Արաքսի հովտից հետո սկսեցինք քայլել Փոքր Թաղի նեղլիկ և կոլորիտային փողոցներով և հասանք մինչև Սուրբ Սարգիս եկեղեցի։

Փոքր Թող — Մեղրիում առանձնանում է Փոքր թաղը: Սա քաղաքի ամենահին թաղն է, որտեղ ապրում է 65 ընտանիք: Տների մեծ մասը պահպանել են իրենց հին կառուցվածքը ՝ այն է փայտաշեն և կամարակապ դռներ և պատուհաններ, փայտաշեն առաստաղներ, իսկ տան ներսում բուխարիներ: 2005 թվականից Մեղրիի Փոքր թաղը ընդգրկվել է ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում և համարվում է կարևոր հուշարձան: 

Սուրբ Սարգիս եկեղեցի — Իր նրբագեղ որմնանկարներով, Փոքր Թաղի Սուրբ Սարգիս (Սբ. Հովհաննես) եկեղեցին ոչ միայն հայկական, այլ նաև համաշխարհային ժառանգության բացառիկ արժեքներից է: Այն 17-րդ դարի հայկական ճարտարապետության յուրօրինակ նմուշ է: Որմնանկարները բացառիկ են ողջ Կովկասում և Միջին Արևելքում: Դրանցում առկա են ուշ միջնադարյան քրիստոնեական պատկերագրության տարրեր։ Եկեղեցին առանձնանանում է նաև տեղակայման դիրքով, քանի որ Փոքր Թաղն իր ավանդական ոճի տներով և բարձ դիրքով Մեղրի քաղաքի գեղատեսիլ վայրերից է:

Այստեղից ճանապարհը շարունակեցինք դեպի Մեղրու բերդ, որը տեղակայված է բարձունքի վրա։

Մեղրու Բերդ — Հայկական միջնադարյան ճարտարապետության պաշտպանական կառույցների մեջ, իր հատակագծային-ծավալային հորինվածքով, առանձնակի տեղ ունի Մեղրու բերդ-ամրոցը: Բերդի կառուցման ճշգրիտ ժամանակը հայտնի չէ: Առաջին պատմական տեղեկությունները հանդիպում են XIII դ. պատմիչ Ստ. Օրբելյանի «Պատմություն նահանգին Սիսական» երկում, ըստ որի՝ 1083 թ. բերդն արդեն կառուցված է եղել: Հիմնովին վերակառուցվել է XVIII դ.: Բերդն իր հատակագծային հորինվածքով և կառուցվածքով եզակի է հայկական ամրաշինության մեջ նրանով, որ չունի պարսպապատեր (դրանց փոխարինում են լեռնաշղթաները), և հրազենի կիրառման հնարավորության շնորհիվ բնակավայրը գտնվել է որոշակի հեռավորության վրա:

Մեղրու Բերդի բարձունքից վայելեցինք Մեղրի քաղաքի և այն շրջափակող ժայռոտ լեռների տեսարաններով և սկսեցինք հետ իջնել դեպի Մեծ Թաղի Սուրբ Աստվածածին եկեղեցի։

Սուրբ Աստվածածին եկեղեցի — 17-րդ դարի գմբեթավոր եկեղեցիներից ճարտարապետական մեծ արժեք է ներկայացնում նաև Մեղրիի Մեծ թաղի Ս. Աստվածածին եկեղեցին։ Այն քառամույթ գմբեթավոր բազիլիկ է, կառուցված է բազալտով, թմբուկն ու գմբեթը` աղյուսով: Եկեղեցին իր այցելուներին գրավում է նաև ներսը զարդարող ավետարանական 19-րդ դարի որմնանկարներով։

Սուրբ Աստվածածին եկեղեցին Մեղրիի մեր վերջին կանգառն էր։ Այստեղ հրաժեշտ տվեցինք Մեղրիին և շարունակեցինք ճանապարհը դեպի Բղենո Նորավանք։

Բղենո Նորավանք — գտնվում է Սյունիքի մարզի Բարձրավան (Երիցաթումբ) գյուղից 3-4 կմ արևելք, Որոտան գետի բարձրադիր աջ ափին, անտառապատ կիրճերով շրջապատված եռանկյունաձև դարավանդի վրա:

Բղենո Նորավանքը, Ախթամարից հետո, հարուստ սյուժետային քանդակներով բացառիկ հուշարձան է Հայաստանում։ Բղենո Նորավանքը հիմնադրվել է որպես բորոտանոց, որտեղ բուժվել են բազմաթիվ հիվանդներ։ Բղենո Նորավանքը, Ախթամարից հետո, հարուստ սյուժետային քանդակներով բացառիկ հուշարձան է Հայաստանում։

Սյունիքի միջնադարյան վանական համալիրներից է: Պատահաբար հայտնաբերել է գրող Ակսել Բակունցը 1932 թ.: Ըստ պատմագիր Ստեփանոս Օրբելյանի (XIII–XIV դդ.)` վանքի հիմնական կառուցապատումը կատարվել է երկու անգամ. առաջինը` 936 թ. Սիսական տոհմի քահանա Ստեփանոսի կողմից, Հրահատ իշխանի օժանդակությամբ: Երկրորդը սկսվել է առաջինից ոչ շատ ուշ և, ըստ արձանագրության, ավարտվել է 1062 թ., Սյունյաց Գրիգոր արքայի և Սյունյաց եպիսկոպոս Տեր Հովհանի հայրապետությանօրոք: Բղենո Նորավանքը բազմիցս վերակառուցվել է, բայց մեզ է հասել կիսավեր վիճակում: Վանքի մոտ նշմարվում են պարսպի և օժանդակ շենքերի մնացորդներ: Նախնական կառույցը, ըստ ուսումնասիրության, եղել է փոքր ծավալի հուշարձան` ուղղանկյուն հատակագծով, արևելյան կողմում դուրս եկող ավանդատներով, երկթեք ծածկով, կողային լայն կամարաշարերով:

Եկեղեցին համալիրի կենտրոնական կառույցն է, ունի թաղածածկ դահլիճի հորինվածք, կառուցված բազալտի մեծադիր քարերով: Հատակագծային հորինվածքի յուրօրինակությամբ հայ ճարտարապետության եզակի հուշարձաններից է: Հյուսիսային, հարավային և արևմտյան ճակատների երկայնքով հավելված են սրահներ, երկու ուղղանկյուն սենյակներ` ամփոփվա ծընդհանուր երկլանջ կղմինդրածածկի ներքո: Կամարակապ մեծադիր բացվածքները, որոնցից երկուսը զբաղեցնում են հյուսիսային և հարավային ճակատներն ամբողջությամբ, եկեղեցին վերածել են ընդարձակ բաց սյունասրահի, որը, ենթադրում են, նախատեսված էր դրսում գտնվողներին ժամասացությունը տեսանելի և լսելի դարձնելու համար: Կառույցը ձևավորված է բարձրարվեստ որմնաքանդակներով, որոնք սերտորեն կապված են որմնանկարչության և մանրանկարչության Տաթևի դպրոցի հետ: Առանձնակի շեշտված է արևմտյան ճակատի քանդակազարդ շքամուտքը: Եկեղեցու արտաքին պատերին` սալաքարերի վրա զետեղված են Քրիստոսի կյանքը պատկերող բարձրաքանդակներ: Պահպանված ութ սալաքարերից երկուսն են իրենց տեղում` «Ավետումն» ու «Համբարձումը» , մնացածը վայր են ընկել: Այս նկարազարդ սալերը հայկական քանդակագործության եզակի օրինակներ են։

970 թ. Ստեփանոս եպիսկոպոսը թաղվել է եկեղեցու մոտ, իսկ 989 թ. այստեղ արտագրվել է «Էջմիածնի ավետարանը»։ Սպիտակ կրաքարից կառուցված եկեղեցին XI դարում խարխլվել էր և 1062 թ. Սյունյաց Գրիգոր Ա Աշոտյան թագավորի հրամանով վերակառուցվել է կապտավուն բազալտով, դառնալով եզակի ճարտարապետական հուշարձան։

Վերանորոգվել է 1959-1961 թթ. ամրացվել են արևելյան պատի հիմքերը, ճակատները պսակող քիվերը, տանիքը, թաղը և այլ հատվածներ: 2011 թ. «Երկիր և մշակույթ» կազմակերպության կենտրոնական վարչության անդամ Ժիրայր Գասպարյանն իր անձնական միջոցներով իրականացրել է համալիրի տանիքի խոտածածկի հեռացման և սալածածկույթի ջրամեկուսացման աշխատանքներ:

Հագեցած օրն ավարտեցինք Տաթևի վանք այցելելվ՝ գաղտնուղին գաղտնազերծելով )։

Տաթևի վանք — Տաթևի վանք Սյունիքի ամենահայտնի պատմամշակութային ու հոգևոր կենտրոններից մեկն է, որը գտնվում է Որոտանի կիրճի եզրին՝ անդնդախոր ձորերի ու տպավորիչ բնապատկերների մեջ։ Վանական համալիրը ձևավորվել է 9-րդ դարում, սակայն այստեղ դեռևս 4-րդ դարում եկեղեցի է գործել։

Տաթևի գլխավոր եկեղեցին՝ Սուրբ Պողոս-Պետրոս տաճարը, կառուցվել է 895-906 թվականներին և համարվում է հայկական միջնադարյան ճարտարապետության կարևորագույն կոթողներից մեկը։ Համալիրում պահպանվել են նաև Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, Սուրբ Աստվածածին եկեղեցին, Գրիգոր Տաթևացու դամբարանը, մատենադարանը և հայտնի «Գավազան» ճոճվող սյունը։

Միջնադարում Տաթևը եղել է ոչ միայն հոգևոր, այլև կրթական ու գիտական խոշոր կենտրոն։ Այստեղ գործել է Տաթևի համալսարանը, որտեղ դասավանդվել են փիլիսոփայություն, աստվածաբանություն, երաժշտություն, մանրանկարչություն, լեզուներ և այլ գիտություններ։ Այստեղ են ստեղծագործել հայ նշանավոր մտածողներ Հովհան Որոտնեցին և Գրիգոր Տաթևացին։

Տաթևի վանքը դարեր շարունակ եղել է Սյունիքի հոգևոր կյանքի կենտրոնը և ունեցել մեծ տնտեսական ու քաղաքական ազդեցություն։ Ըստ պատմական աղբյուրների՝ վանքին հարկատու էին հարյուրավոր գյուղեր, ինչը հնարավորություն էր տալիս զարգացնել կրթական և մշակութային գործունեությունը։

Տաթևի անվան հետ կապված պահպանվել են հետաքրքիր ավանդություններ։ Ամենահայտնի վարկածներից մեկի համաձայն՝ վանքի շինարար վարպետը ավարտելուց հետո ասել է․ «Տա թև» և հրաշքով թևեր առնելով՝ թռչել է ձորի վրայով։

Այսօր Տաթևը Հայաստանի ամենատպավորիչ զբոսաշրջային ուղղություններից է, որտեղ պատմությունը, բնությունն ու ճարտարապետությունը միաձուլվում են մեկ վայրում։

Այս հագեցած պատմամշակութային օրն ավարտեցինք Հալիձորում գիշերելով։

Օր 3

Նախորդ օրերի հագեցած ճամփորդությունից հետո երրորդ օրը քայլեցինք դեպի Հին Խոտ՝ մի վայր, որտեղ ժամանակը կարծես կանգ է առել։ Քարաշեն տների ավերակները, լռությունն ու բնության հետ միաձուլված գյուղի մթնոլորտը յուրահատուկ զգացողություն էին ստեղծում։ Քայլում էինք Հին Խոտի քարաշեն տների ավերակների նեղ արահետներով, քարքարոտ լանջերով ու ամեն քայլափոխի բացահայտում մի նոր գեղեցկություն։ Հին Խոտը շարունակում է ապրել իր քարերի, կամարների ու պատերի մեջ պահված պատմություններով։ Երեխաները մեծ հետաքրքրությամբ ուսումնասիրում էին հին շինությունները, փնտրում դեղնափորիկներ, որոնք այստեղ շատ-շատ են։ Արշավի ընթացքում հանդիպեցինք նաև ձիու և փոքրիկ քուռակի, որոնք ասես այս լուռ գյուղի միակ բնակիչները լինեին։ Սրածայր ժայռն էլ՝ իր փոքրիկ խորշով, ամենատպավորիչ վայրերից մեկն է։

Գյուղը բնակեցված է եղել մինչև 1970-ականները, այնուհետև տեղաբնակները  տեղափոխվել են նոր՝ ավելի հարմար և հարթ տարածք, հին գյուղից դեպի հյուսիս, որն էլ ներկայիս Խոտ գյուղն է հանդիսանում։ Հին գյուղի շրջակայքում կան մ.թ.ա. 2–1 հազարամյակների դամբարանադաշտեր, հին գերեզմանոցներ , որոնցից մեկի տարածքում պահպանվել են 12-րդ դարում կառուցված Կարմիր վանքի ավերակները

Ավանդույթի համաձայն՝ այս եկեղեցու զանգից է առաջացել նաև ամբողջ մարզի Զանգեզուր անվանումը։ Ըստ վարկածներից մեկի՝ այս զանգը շատ հզոր հնչողություն ուներ, և Զանգեզուր տեղանունն առաջացել է «Զանգ զոր» բառերից, այսինքն՝ հզոր զանգ։ Մեկ այլ վարկածի համաձայն՝ այն առաջացել է «Զանգերն իզուր են» բառակապակցությունից։ Այդ արշավը դարձավ մեր ճամփորդության գեղեցիկ ավարտը, որից հետո վերադարձանք Երևան՝ լի տպավորություններով, նոր հիշողություններով ու Սյունիքը կրկին բացահայտելու ցանկությամբ։

Այս օրերի ընթացքում այցելության վայրերը․ Լիճք գյուղ, Զվարավանք, Լիճքի ջրվեժներ, Մեղրի, Փոքր և Մեծ Թաղեր, Սուրբ Սարգիս եկեղեցի, Սուրբ Աստվածածին եկեղեցի, Մեղրու բերդ, Արաքսի հովիտ, Բղենո Նորավանք, Տաթևի վանք, Հին Խոտ։