Արա լեռ

Արայի լեռան անունը գալիս է հայ դիցաբանական աստծո` Արա Գեղեցիկի անունից: Այն գտնվում է Արագածոտնի և Կոտայքի մարզերում, ունի 2577մ բարձրություն (որոշ քարտեզներում նշված է նաև 2601մ): Մեր հերթական լեռնային վերելքի ժամանակ հաջողվեց հաղթահարել Արա լեռան բարձրությունը: Մեր երեխաների կամքը և ուժը միայն հիացմունքի են արժանի: Չնայած ճանապարհի երկարությանը, դժվարությանն ու շոգին՝ բոլորս գնում էինք առաջ: Նույնիսկ մեր 7 տարեկանները կարողացան հաղթահարել հոգնածությունը և գագաթին հասնելու մեծ կամք դրսևորել: Սա այն վերելքներից էր, երբ պարզ երևաց կամքի հաղթանակը ֆիզիկականի նկատմամբ: Չնայած վերելքի ամբողջ ընթացքում շոգ էր, սակայն գագաթին քամի էր: Հագանք բաճկոնները և հանգստացանք: Ճանապարհի հոգնածությունը և շոգը քամին այնպես տարավ իր հետ, որ երեխաները սկսեցին ազգային պար պարել: Արա լեռն ամբողջությամբ կանաչի մեջ էր, հեռվում երևում էր Արագած լեռը, իսկ կապույտ երկնքում ճախրում էին թռչունները: Այդ պահին մենք էլ էինք թռչունների պես ճախրանքի մեջ վայելում լեռնային ազատությունը: Արշավից արշավ երեխաները զարմացնում են իրենց ուժով, ընկերասիրությամբ և կազմակերպվածությամբ, ինչը ոգևորում է և ուղղորդում նոր ճամփորդությունների:

Կյանքում մարդն իրեն զգում է իրարանցման և շտապողականության գերի: Նա միշտ ձգտում է ազատության և փորձում է պարզել` արդյո՞ք այն գոյություն ունի: Ազատություն կա և այն ապրում է լեռներում: Լեռներն այն վայրն են, որտեղ կարելի է «ճախրել ամպերում» և անվերջ հիանալ լեռնային գեղեցկությամբ: