DSC

Կալասար․ երբ լեռը դառնում է դպրոց

Թեև Կալասար լեռը աչքի չի ընկնում իր բարձրությամբ (2230 մ), սակայն բացվող տեսարաններով այն իրապես եզակի է։ Եվ հերթական անգամ «4 գագաթ» մանկապատանեկան լեռնային ակումբը երեխաների արշավ կազմակերպեց մի ուղղությամբ, որը տպավորիչ էր ինչպես տեսարանների, այնպես էլ արգելքների հաղթահարման առումով։

Լեռը գտնվում է Վայոց Ձորի մարզում՝ Եղեգիսի կիրճի աջ ափին։ Վերելքը սկսվեց Հերմոն գյուղից․ գետի մյուս կողմում ձմեռ էր՝ ձնածածկ Թեքսարի լեռներ, իսկ այս կողմում՝ գարուն՝ կանաչած լանջեր, ծաղկած ծառեր։

Քայլարշավը սկսեցինք գյուղի վերջից։ Ճանապարհի աջ ու ձախ կողմերում հին տներ էին՝ քարե պատերով, ժամանակի հետ նստած կտուրներով։ Կարծես ժամանակը այստեղ կանգ էր առել, իսկ կյանքը՝ դանդաղել։

Երեխաները, իրենց բարձր տրամադրությամբ, անմիջապես հաղորդվեցին լռությանն ու խաղաղությանը։ Զրուցելով ու ծիծաղելով՝ քայլում էինք դեպի վեր։

Քարքարոտ ու զառիթափ լանջերը միանգամից ոգևորեցին երեխաներին։ Տեղ-տեղ մագլցելով՝ հասանք գագաթ, որտեղից բացվեց անմոռանալի տեսարան՝ դեպի Եղեգիսի կիրճը, Թեքսարի ձյունոտ գագաթները, Սևաժայռ լեռն ու հարակից գյուղերը։ Մեզ շատ մոտ՝ թռիչք սկսեց մի արծիվ. երևի հիշեցնելու նշան էր, որ միշտ արժե վեր բարձրանալ։

Երկինքը հիմնականում մռայլ էր, գագաթների շուրջ՝ սև ամպեր, երբեմն ձյուն էր գալիս, բայց ցուրտ չէր։ Իսկ երբ իջանք և տեղավորվեցինք մեքենայի մեջ, սկսվեց անձրևը։ Բնությունը մեծահոգաբար սպասեց մեզ՝ ամբողջ օրն ընձեռելով հիանալի պայմաններ։ Հետևելով դիմացից սլացող մեքենաների անիվների թողած հետքերին, պատուհանից գլորվող անձրևի կաթիլներին՝ հասանք սիրելի Երևան։

  • Անցած ուղի՝ 6 կմ
  • Բարձրություն՝ +500 մ
  • Գագաթի բարձրություն՝ 2159 մ

Այս արշավները միայն քայլարշավ չեն։

Դրանք լեռների/բնության դպրոց են՝

— որտեղ սովորում են ինքնուրույն լինել,

— պատասխանատվություն կրել,

— հաղթահարել սեփական վախերը,

— ու հավատալ սեփական ուժին։