Գեղասարի քարանձավներ, Գեղասար գյուղ, Գեղասար լեռ
Այս հանգստյան օրերին արշավի օրը փոխվել էր։ Հաշվի առնելով Հարության տոնը՝ որոշեցինք կիրակի օրվա փոխարեն արշավն անել շաբաթ օրը։ Ուղղությունը դեպի Գեղասարն էր։ Եթե գրածից հարց առաջանա՝ «Ի՞նչ է Գեղասարը», ապա ասենք, որ Գեղասարը գյուղի և լեռան անունն է միաժամանակ։
Մինչև Գեղասար գյուղ հասնելը, ճանապարհին կանգնեցինք Գեղասարի քարանձավների մոտ, որոնք հայտնաբերվել են 1977 թ․-ին։ Քարանձավներն ուսումնասիրելուց հետո շարժվեցինք դեպի գյուղ, որտեղ էլ նախապատրաստվեցինք արշավին՝ արևապաշտպան քսուկ քսեցինք, արևային գլխարկներ դրեցինք, ուսապարկերը հագանք, շարք կազմեցինք (առաջին մի քանի րոպեն 🙂 ) ու սկսեցինք քայլել։
Հեռվից Գեղասարի գագաթը թվում է անհասանելի։ Այն հայտնի է իր սուր, խորշոմապատ ժայռերով, որոնք վեր են ցցվում և հուշում, որ այս խորդուբորդությունները պետք է զգուշությամբ անցնել։
Մեզ հաջողվեց շրջանաձև բարձրանալ և իջնել լեռը։ Ինչպես միշտ, երեխաներն առավել ոգևորվեցին ժայռոտ հատվածների անցման ժամանակ։ Ժայռերով լեռնային հատվածը չկանգնեցրեց մեր փոքրիկ արշավականներին։ Քայլ առ քայլ, զգուշորեն ու համախմբված՝ նրանք հաղթահարեցին երթուղու այս հատվածը՝ սովորելով վստահել ինչպես իրենց, այնպես էլ միմյանց։
Այսպիսի պահերն են, որ ձևավորում են ոչ միայն հմտություններ, այլև ուժեղ բնավորություն ու համարձակություն։
Գեղասարի գագաթին փոքրիկ մատուռ կա՝ ուղիղ ժայռի բերանին։ Հասնելով այնտեղ՝ միանգամից տեղավորվեցինք մատուռում, որպեսզի երեխաները աջ ու ձախ չշեղվեն, քանի որ գագաթը այնքան էլ ապահով չէ։
Գագաթից վերադարձանք այլ ճանապարհով, որն ավելի մեղմաթեք էր և հաճելի՝ իջնելու համար։
Գեղասար գյուղը հիմնովին ավերվել է 1988 թ․ դեկտեմբերի 7-ի երկրաշարժից, որին զոհ են գնացել 140 գեղասարցիներ։ Գյուղի կենտրոնում կանգնեցված է հուշակոթող՝ ի հիշատակ զոհերի։
- Անցած ուղի՝ 7,5 կմ
- Բարձրություն՝ +400 մ
- Գագաթի բարձրություն՝ 1753 մ











