Երեխաներն Արարատի գագաթին
Հենց այսպես էլ վերնագրվել էր Արարատի վերելքի միջոցառումը, չէ որ խոսքն ուժ ունի։ 01․08․2025թ․-ին «4 ԳԱԳԱԹ» մանկապատանեկան լեռնային ակումբի երեխաներն Արարատի գագաթին էին։ Սա երկու-երեք օրվա վերելքի պատմություն չէ (այստեղ չենք պատմի Անի, Վան, Կարս այցելությունների մասին), սա ամիսներ տևած բարդ վերելքների ամփոփում էր, որի շնորհիվ հաջողվեց հասնել նպատակին։
Ակումբի գործունեության 10-ամյակին ընդառաջ հասունացավ Արարատի վերելքի միտքը։ Երեխաների երազանքն էր բարձրանալ Արարատի գագաթ, ակումբի երազանքն էր՝ Արարատ բարձրանալ երեխաների հետ։ Բոլորս արեցինք առավելագույնը երազանքն իրականություն դարձնելու համար։
Նախքան Արարատի վերելքը բավականին լուրջ վերելքներ իրականացրեցինք․
- Փարվանա լճից Աբուլ լեռ (գագաթը 3301մ, 30 կմ, 1300 հարաբերական)
- Սևաժայռ լեռ (գագաթը 2727մ, 11 կմ, 650 հարաբերական)
- Մանթաշի ջրվեժ (16 կմ, 650 հարաբերական)
- Քարապար լեռ (գագաթը 3438մ, 5կմ, 300 հարաբերակաբ)
- Նիգասար լեռ (գագաթը 3316մ, 21 կմ, 1250 հարաբերական)
- Թեժառույք լեռ և Ամբերդալիճ (գագաթը 3423մ, 13 կմ, 450 հարաբերական)
- Արագածի Հարավային (3887մ) և Արևմտյան (4007մ) գագաթներ (13 կմ, 900 հարաբերական)
- Գիշերակաց Արագածի Հարավային գագաթին (12 կմ, 700մ հարաբերական)։
Այս նախապատրաստական վերելքների արդյունքում գերազանցեցինք նախկինում արված մեր արշավային առավելագույն արդյունքները։ Հատուկ ընտրել էինք հնարավորինս շատ Արագածի շուրջ վերելքները, քանի որ վստահ էինք, եթե կլիմայավարժվենք Արագածում, ապա Արարատում անհամեմատ լավ ինքնազգացողություն կունենանք։ Երկար կիլոմետրեր քայլելն էլ նպատակ ուներ զարգացնել կամքն ու համբերությունը։
Հարավային գագաթին գիշերակացից հետո հաստավեց թիմի կազմը՝ 29 մասնակից, որից քսանը՝ 9-19 տարեկան երեխաներ և պատանիներ, յոթ ծնող, երկու ուղեկցորդ։
Հուլիսի 29-ի լուսադեմին ճանապարհ ընկանք։ Ոգևորությունը, սպասելիքները, անհանգստությունն ու այն զսպող հանգստությունը փոխել էր բոլորիս դեմքի արտահայտությունը։ Ոգևորող մաղթանքներով շարժվեցինք Երևանից։
Բայազետի կողմից Արարատի հետ առաջին հանդիպումը քննարկումների ալիք բարձրացրեց։ Իհարկե գերակշռող էր Հայաստանի կողմից գեղեցիկ լինելու տեսակետը։
Հուլիսի 30-ի առավոտյան շարժվեցինք Բայազետից, մեքենաներով հասանք 2400մ բարձրության վրա և սկսեցինք քայլել դեպի 3300մ բարձության վրա գտնվող ճամաբար։ Առաջին օրը քայլեցինք 4,7 կմ, հաղթահարեցինք 900մ հարաբերական բարձրություն։ Հասնելով առաջին ճամբար մոռացանք ճանապարհի փոշին, պարբերաբար ճանապարհին հանդիպող բեռնակիր ձիերին, որոնք ստիպում էին դուրս գալ արահետից։ Իսկ 3300մ վրա բացված սեղանի քաղցրավենիքներն ու ընդեղենը ոգևորության մեծ ալիք բարձրացրեցին։ Ասես մենք չէինք քայլել զառիթափ լանջերով անխնա վառող արևի տակ։ Մայրամուտը դիմավորեցինք ազգագրական պարեր պարելով։




Երկրորդ օրը պետք է հասնեինք մինչև 4050մ բարձրության վրա գտնվող ճամբար։ Երբ առաջին ճամբարից նայում ես դեպի երկրորդ ճամբար, դժվար է պատկերացնել, որ հնարավոր է հասնել թեք լանջի վրա «կախված» ճամբար, դեռ մի բան էլ գիշերել այնտեղ։ Բայց մենք դա էլ արեցինք։ Հենց այստեղ է, որ վերջապես տեսնում ես Սիս լեռը։ Ու հենց այստեղ է, որ առավելագույնս կենտրոնանում ես, որ հանկարծ ոչ մի սխալ բան չանես, նախապես պատրաստվես ու առանց գիշերային քնի սկսես քայլել։ Քանի որ գիշերը չէինք քնելու, մինչև 18։30 ակտիվ վիճակում էինք, որից հետո բոլորս տեղավորվեցինք վրանների մեջ և փորձեցինք քնել։ Այս օրն էլ քայլեցինք 3,3 կմ և հաղթահարեցինք 710մ հարաբերական բարձրություն։



Երրորդ օրը, որն այնպես էր ամբողջացել երկրորդ օրվա հետ, որ դժվար էր տարանջատել իրարից, ամենավճռորոշ օրն էր՝ գագաթի օրը։ Արթնացանք 00։30, 01։00 սկսեցինք սնվել, թարմանալ, վերականգնվել ու 02։06՝ քայլել։ Մթության մեջ նշմարվում էր Արարատի գագաթի ուրվագիծը, որն աստղազարդ երկնքի տակ մեզ էր սպասում։ Թեև գագաթը պարզ էր, բայց մեզ մոտ՝ 4050մ բարձրության վրա նույնիսկ թեթև ձյուն եկավ։ Ինչևէ, հավաքվեցինք ևʹ հոգեպես, ևʹ ֆիզիկապես, ևʹ գույքի տեսանկյունից ու քայլեցինք առաջ։ Երեխաներն այնքան կազմակերպված էին քայլում, ասես առաջին անգամը չէր գիշերով քայլելը։ Լեռան վրա օձաձև քայլքով ձգված լապտերավոր մարդիկ ասես հույսի լույս լինեին, որի հետևից գնում էինք՝ մտքում և սրտում Արարատի գագաթ հասնելու մեծագույն ձգտումն ունենալով։ Անընդհատ միմյանց ոգևորող խոսքեր էինք ասում, երգում, հորդորում վատ (նորմայի մեջ վատ) ինքնազգացողության ձեռքը բռնել ու քայլել ․․․։ Վերելքը բաժանել էինք մասերի՝ քայլել մինչև լույսը կսկսի բացվել, քայլել մինչև կտեսնենք Արարատի ստվերը, քայլել մինչև կտեսնենք Արարատի ճերմակ գագաթն ու դեպի նրան տանող հավերժական ձյունը, հուզվել Արարատի գագաթին։ Թեև պլանավորված էր, թե ինչ ենք անելու որևէ մեկի նորմայից դուրս վատ ինքնազգացողության դեպքում, միևնույն է, դժվար եղավ հոգեպես հաղթահարել երկու երեխաների հետ իջնելը։ Նրանից մեկը հետ իջավ 4600մ բարձրությունից, երկրորդը՝ 4700մ։ Սա նույնպես մեծ ձեռքբերում էր նրանց համար՝ կամքի, ուժի և դիմացկունության նոր նշաձող։ Երեխաների հետ իջնելուց որոշ ժամանակ տխուր լռություն էր շարքերում։ Բարձրության հետ (թթվածնի պակաս) դժվարանում էր շնչառությունը, քայլերը ավելի դանդաղ էին։ Ահա, հասել ենք սառցադաշտին, ահա, հագնում ենք կատվիկները, ահա, վերջին քայլերն ենք անում դեպի գագաթ, ահա, բոլորս գագաթին ենք ․․․




Մեկն ուրախությունից լացում է, մյուսը կոկորդում խեղդել է հույզերը, երրորդը հայացքն ուղղել է անսահման հորիզոնին, գրկում ենք իրար, համբուրում երեխաների ճակատը, միմյանց շնորհակալություն հայտնում, արցունքոտ աչքերի միջից ժպտացող աչքերից ոգևորվում, եռագույնը ծածանում, նկարվում, խորը շունչ քաշում․․․։ Հույզերի քաոս է Արարատի գագաթին, չէ որ անհավանական թվացող երազանքն իրականություն է դարձել մի խումբ երեխաների և պատանիների համար։ Չգիտեմ ․․․։ Այսքա՜ն մեծ ու անկեղծ երջանկություն, այսքա՜ն խառը հույզեր, այսքա՜ն հոգնածություն և հանգստություն միաժամանակ։ Արարատի գագաթը շունչ էր առել ու գրկել էր մեզ՝ առանց քամու, ջերմ արևով ու մեղմիկ տեսարաններով։
Գագաթի օրը քայլեցինք 6կմ և հաղթահարեցինք 1000մ հարաբերական բարձրություն։ Իսկ երեք օրերի արդյունքում քայլեցինք 21կմ, հաղթահարեցինք 2600մ բարձրություն։





2025 թվականի օգոստոսի 1-ը կմնա հայ լեռնագնացության պատմության մեջ՝ որպես օր, երբ երեխաները կանգնեցին Արարատի գագաթին։ «4 Գագաթ» մանկապատանեկան լեռնային ակումբի անդամները՝ 9-ից 19 տարեկան քսան երեխա և պատանի, ոմանք իրենց ծնողների, և բոլորն ուղեկցողների հետ միասին կանգնեցին հայկական միասնության խորհրդի՝ Արարատի գագաթին։
Սա պարզապես վերելք չէր։ Սա հերոսական քայլ էր՝ կամքի, նվիրվածության, հետևողականության և ազգային ինքնագիտակցության արտահայտություն։ Սա ամիսներ շարունակ տևած պատրաստությունների, «մղձավանջային» վերելքների, երկար ու դժվարին ճամբարների ամփոփումն էր՝ դեպի մի երազանք, որն անհնարին էր թվում։ Բայց չէ՞ որ հենց անհնարինը է դառնում իրական, երբ երազում են երեխաները։
Արարատ բարձրացան նրանք, ովքեր դեռ երեկ փոքրիկ ուսապարկով էին քայլում մեր լեռներում, ովքեր սովորել էին պայքարել, չհանձնվել, սառը գիշերներին ուժ գտնել քայլելու, բարձրությանը համառությամբ ու ժպիտով հակադրվել։ Եվ այդ կամքն ու հավատը գագաթ բերեցին մի ամբողջ սերունդ՝ ապացուցելով, որ հայ երեխաների մեջ թաքնված է լեռնեցու ոգին։
Սա հայության մի նոր հաղթանակ էր՝ խորհրդանշական, բայց իրական։ Մինչ այդ ոչ մի մանկապատանեկան խումբ չէր հաղթահարել Արարատի այս ուղին։ Առաջինն էր «4 Գագաթ» ակումբը՝ իր փայլուն կազմակերպմամբ, իր վառ, անփոխարինելի, հրաշք, ու սիրելի երազողներով։ Այս վերելքով հայ երեխաները ոչ միայն հասան 5137 մետր բարձրությանը, այլև բարձրացրին մեր ազգային արժանապատվությունը։
Արարատը՝ լռող վկան մեր անցյալի ու ներկայի, այս անգամ «խոսեց»՝ արևոտ եղանակով, առանց քամու ու մաքուր տեսարաններով։ Նա գրկեց երեխաներին՝ ասես հավանություն տվեց նրանց համառությանը։ Իսկ մենք՝ մեծահասակներս, տեսանք ապագան, որն ուժեղ է, նպատակասլաց ու արմատավորված այս հողին, այս լեռներին։
Սա ոչ միայն բարձրության հաղթահարում էր, այլև՝ ինքներս մեզ։ Եվ երբ երեխաներն Արարատի գագաթին ծածանեցին եռագույնը՝ այդ պահին ո՛չ մի սահման, ո՛չ մի բարձունք, ո՛չ մի հոգնածություն կարևոր չէր։ Միայն հպարտությունն էր՝ անսահման հորիզոնի չափ։
«4 Գագաթ» մանկապատանեկան լեռնային ակումբի անունից՝ սա հարգանքի խոնարհում է բոլոր նրանց, ովքեր հավատում են, որ մեծ երազանքներն իրականանում են, երբ երեխաներն են բարձրանում դեպի լեռները։

Վերելքին մասնակցած երեխաները․
- Վարդան Հայրապետյան (9տ.)
- Միքայել Մոսիկյան (9տ.)
- Սարգիս Անանյան (10տ.)
- Նարեկ Արեխցյան (11տ.)
- Դավիթ Թադևոսյան (11տ.)
- Արամ Քոսակյան (11տ.)
- Միհրան Խաչատուրյան (12տ.)
- Աիդա Աղագուլյան (13տ.)
- Դանիել Դոլունց (13տ.)
- Մայա Մոսիկյան (14տ.)
- Արինա Սուվարյան (14տ.)
- Ռաֆայել Պետրոսյան (14տ)
- Սերգեյ Աղաբաբյան (14տ.)
- Մարինա Բաղդյան (16տ.)
- Արինա Ղևոնդյան (16տ.)
- Ալեքսանդր Աղաջանյան (17տ.)
- Մարի Պողոսյան (18տ.)
- Տիգրան Մոսիկյան (18տ.)
- Լիանա Թոսունյան (18տ.)
- Արամ Մարտիրոսյան (19տ.)