«4 գագաթը» 4 գագաթ արեց
Գնալով խնդիրները բարդանում են, դե արի ու մտածի, թե հաջորդ տարի ինչ պետք է անել, որ այս տարիների, հատկապես այս տարվա արած վերելքներն ու ինքներս մեզ գերազանցենք։
Օգոստոսի 30-ին մի խումբ համարձակ 4 գագաթցիներ (19 մասնակից) առավոտյան ժամը 04։00 շարժվեցին Երևանից․ մտքներում մեկ օրում Արագածի 4 գագաթներ բարձրանալն էր։ Հավանաբար շատերը չեն պատկերացնում, թե ինչ բարդություն է իրենից ներկայացնում Արագածի 4 գագաթների վերելքը մեկ օրում, բայց հավատացեք, սա կատակ բան չէ։ Երբ որևէ գագաթ ես բարձրանում ու ճանապարհն այնպիսինն է, որ ինչ որ հատված պետք է ցած իջնել, դժվար ես ընդունում, որ պետք է բարձրություն կորցնես, իսկ Արագածի 4 գագաթների դեպքում հավաքածդ բարձրությունը կորցնում ես մի քանի անգամ, այն էլ՝ բավականին շատ՝ ամենաքիչը 80մ։
Ժամը 06։00-ին Քարի լճից երեխաների խումբն արդեն քայլում էր նոր բացվող առավոտվա լույսի մեջ։ Եղանակը բավականին տաք էր Արագածի համար, երկինքը՝ պարզ-պարզ։ Այս տարի արդեն 6-րդ անգամ էինք այս կողմերում քայլում (Մանթաշի ջրվեժ, Թեժառույք լեռ և Ամբերդալիճ, Քարապար լեռ, Արագածի Հարավային և Արևմտյան գագաթներ մեկ օրում, գիշերակաց Հարավային գագաթին)։ Շուրջբոլորը հարազատ ճանապարհներ և պատկերներ էին՝ համեմված սպասվող դժվարությունների զգացումով, իսկ վարդագույն լույսով ողողված Արարատ լեռը կարծես հուշում էր, որ իր բարձունքը հաղթահարած ակումբը պետք է հաջողի նաև «Չորս գագաթների» վերելքի ծրագրում։

Առաջին երկու գագաթները՝ Հարավայինը (3887մ) և Արևմտյանը (4007մ), բավականին արագ բարձրացանք, քանի որ նախկինում ունեցած փորձառության շնորհիվ ֆիզիկապես և հոգեպես արդեն պատրաստ էինք այս երկուսի վերելքին։


Երբ բարձրանում ես Արագածի լանջերով, մի պահ շունչդ կտրվում է ոչ թե միայն բարձրությունից, այլ հենց բացվող տեսարանից։ Քո առաջ հառնում է հսկայական խառնարանը՝ բնության ստեղծած հրաշք ամֆիթատրոնը։ Լանջերի գույները կարծես նկարչի վրձնով ներկված լինեն․ կարմիր, ոսկեգույն, մուգ շագանակագույն։ Ձյան սպիտակ շերտերը, որ ամռանն էլ չեն հալվում (տարեց տարի ձյունը քչանում է), ընդգծում են լեռան վեհությունը։ Սկզբում հիանում ես գագաթից բացվող տեսարաններով, հետո էլ՝ երբ խառնարանում ես, չորս կողմերում վեր հառնող մեկը մյուսից ինքնատիպ չորս գագաթներով։ Թաքուն հայացք ես գցում դեռ սպասվող վերելքի ուղղուն ու մտածում՝ միթե՞ կկարողնանք։ Եվ մեկը մյուսի հանդեպ հավատը շարժում է քեզ դեպի վեր։

Խառնարանում հանգստանալուց հետո հասանք հյուսիս-արևելյան թամբ։ Այստեղ էլ մի փոքր հանգստացանք, քանի որ խառնարանից դեպի հյուսի-արևելյան թամբ բարձրանալն էլ ասես մի գագաթ լինի։ Այնուհետև սկսեցինք բարձրանալ Հյուսիսային գագաթը։ Հյուսիսայինի (և ոչ միայն) լանջով բարձրանալը պահանջում է ամեն քայլը մտածված անել․ հողը սղլիկ է, և յուրաքանչյուր սխալ շարժում կարող է քեզ հետ գցել։ Շունչդ կտրելով բարձրանում ես, բայց հենց այստեղ է փորձվում համբերությունդ ու ուժդ։ 15։30 արդեն Հյուսիսային գագաթին էինք։ Հյուսիսային գագաթից դեպի Մթնալիճ, Ռապի և Աստղկան լճեր բացվող տեսարանները վայելելուց ու ամենակարևորը՝ հանգստանալուց հետո սկսեցինք հետ իջնել։



Մնաց վերջին գագաթը՝ Արևելյանը։ Գագաթ, որը բարձրանալիս պետք է լինես շատ ուշադիր՝ քար չգլորելու և չսայթաքելու համար։ Երեխաները շատ են սիրում այս գագաթ բարձրանալը, քանի որ տեղ-տեղ փոքրիկ մագլցումներ ես անում և այս պրոցեսը հաճելի է երեխաներին։ Կենտրոնացած բարձրացանք նաև Արևելյան գագաթը։ Իջնելիս արևն արդեն մայր էր մտնում։ Արևի ոսկեգույն շողերը ընդգծել էին լեռան վեհությունը, որն ասես խաղաղվել էր, բայց մնացել անսասան ու հզոր։ Արագածի չորս գագաթների վերելքի գեղեցիկ ավարտն էր։



4 գագաթների վերելքը մեկնարկեցինք Քարի լճից և ավարտեցիքն Գեղարոտի փոքր ջրվեժի մոտ։
Արդյունքում՝
- քայլեցինք 17,5 կմ
- հաղթահարեցինք +1550 մ բարձրություն
- -1950 մ վայրէջք
Երեխաները սովորեցին հաղթահարել ոչ միայն լեռան թեք ու սղլիկ լանջերը, սեփական վախերը, այլև իրենց հոգնածությունն ու կասկածները։ Հյուսիսայինի խիստ լանջը, Արևելյանի ժայռային մագլցումները, խառնարանի անսահման վեհությունը՝ ամենը միաձուլվեց մի օրում, որը դարձավ գեղեցիկ հիշողություն։ Իսկ մայրամուտին գագաթից իջնելը՝ ոսկեգույն լույսերի ներքո, կարծես պարգև էր բնությունից՝ այս հաղթանակը հիշելու համար։
«4 Գագաթի» երեխաները նոր ուսումնական տարին դիմավորեցին Արագածի չորս գագաթներ բարձրանալով։ Ինչպես լեռան սղլիկ ու թեք լանջերը, այնպես էլ ուսումնական տարվա դժվարությունները հաղթահարելի են, եթե քայլում ես վստահ, համբերատար և հավատով։ Մեր երեխաները ցույց տվեցին, որ ամեն մի բարձունք հաղթահարելու համար պետք է ոչ միայն ուժ, այլև կամք ու թիմային ոգի։ Արագածի գագաթները մնացին մեր հետևում, բայց առջևում մեզ սպասում են նոր գագաթներ՝ գիտելիքի, փորձի ու երազանքների։ Սեպտեմբեր, բարի գալուստ։