Սևանի «Երազանքի արահետ»
Հոկտեմբերի 5-ի լուսաբացը շողաց անամպ ու մեղմ արևով՝ կանխատեսումները ճշգրիտ էին՝ օրը խոստանում էր լինել ջերմ ու պայծառ։
Մեզ համար շատ կարևոր էր լավ եղանակը, քանի որ այն վայրը, ուր գնում էինք, գեղեցիկ տեսարանների պակաս չէր ունենալու և անհրաժեշտ էր պարզ եղանակին գնալ։ Այս անգամ ուղի բռնեցինք դեպի Գեղարքունիքի մարզ, նպատակը՝ անցնել «Երազանքի արահետը»։ Արահետը սկսվում է Սևանի բուսաբանական այգու մոտից (այգու առանձնահատկությունը կայանում է նրանում, որ գտնվելով 2000մ բարձրության վրա` ունի բուսական աշխարհի մոտ 450-ից ավել տեսակներ) և շարունակվում է դեպի հյուսիս-արևելք՝ Արջանոցի լեռներով։ Արջանոցի լեռները Փամբակի լեռնաշղթայի հարավ-արևելյան ճյուղավորությունն են։ Վերելքի ողջ ընթացքում հիացանք Սևանա լճի, Արջանոցի, Գեղամա և Արեգունի լեռների տեսարաններով։ 6կմ քայլելով հասանք մի կետի,որտեղից հրաշալի տեսարան է բացվում դեպի Սևանի թերակղզի։ Եվ դա բավական չէ, այստեղ նաև նստարան է դրված, որպեսզի նստես և վայելես այդ բարձրությունից բացվող չքնաղ տեսարանները։
Իսկ վերադարձին հայտնվեցինք աշնան գույների մեջ և նույնիսկ զգացինք տերևաթափի շոյանքը։ Այս արշավին մասնակցում էին նաև «ԱՅԲ» դպրոցի երկրորդ դասարանի սաները, շատ երեխաների և նրանց ծնողների համար սա առաջին փորձն էր։ Բայց նրանք բոլորն էլ մեծ խիզախությամբ և ոգևորությամբ (հատկապես ժայռոտ հատվածները) անցան 8 կմ երկարությամբ արահետը և հաղթահարեցին 350մ հարաբերական բարձրություն։
![DSC []](https://4peaks.am/wp-content/uploads/2025/10/DSC_76132.jpg)






