Տոնական վերելք Տիրինկատար լեռ
Հայաստանի անկախության տոնին՝ սեպտեմբերի 21-ին, մեր քայլերն ուղղեցինք դեպի Տիրինկատար լեռ (2859մ), որը Արագած լեռնազանգվածի գեղեցիկ ու խորհրդավոր գագաթներից է։ Արշավի մեկնարկը տրվեց 11-րդ դարի հզոր ու անառիկ կառույցի՝ Ամբերդ ամրոցի մոտից։
Երկինքը կարծես խաղում էր մեզ հետ․ մեկ մթնում էր, մեկ պայծառ կապույտով էր ծածկվում, մեկ հսկա կետն էր լողում ամպերի մեջ, մեկ էլ՝ նապաստակ հիշեցնող ամպ էր հայտնվում։ Բայց այդ խաղի փոխարեն Արագածի ուղղությամբ ամպերը հավաքվել էին՝ մռայլ ու ծանր։
Մինչև գագաթ հասնելու համար անհրաժեշտ էր անցնել մոտ 10 կիլոմետր, և մենք արագ ու համառությամբ հաղթահարեցինք այդ ճանապարհը։ Բարեբախտաբար, մարգագետիններում անասնապահներ չկային, և մեզ չհանդիպեցին շներ, որոնք հաճախ ստիպում են շրջանցել ուղին։
Գագաթից իջնելուց հետո սկսեցինք որոնել վիշապաքարերը։ Եվ մեզ հաջողվեց գտնել Տիրինկատար հնավայրի տարածքում պահպանված 12 վիշապաքարերից մի քանիսը, որոնք բացահայտվել էին դեռ 2012 թվականին։ Եղանակի փոփոխական լինելու պատճառով երկար չմնացինք, բայց անգամ այդ մի քանի հուշարձանների առջև կանգնելը հիասքանչ զգացողոթյուն էր։
Հետ իջնելիս մեզ դիմավորեցին Ամբերդ գետի խոր կիրճի, Արագածի և Արարատի գագաթների կախարդական տեսարանները։ Այդ պահին կրկին համոզվեցինք, որ որքան էլ շատ ճանապարհներ անցնենք երեխաների հետ, Հայաստանը միշտ ունի նոր հրաշքներ բացահայտելու։
Քայլեցինք 21,5 կմ և հաղթահարեցինք 780մ հարաբերական բարձրություն
- Վիշապաքարերի խորհրդավոր ժառանգությունը․
Վիշապաքարերը (նաև՝ վիշապներ, վիշապ քարակոթողներ) Հայկական լեռնաշխարհին բնորոշ եզակի մեգալիթյան հուշարձաններ են։ Դրանք տեղադրվում էին բնական և արհեստական ջրավազանների ու աղբյուրների ակունքների մոտ՝ խորհրդանշելով ջրի տարերքը, բնության զարթոնքը, պտղաբերությունն ու առատությունը։ Այս քարերը մեզ հասած են դարերի խորքից՝ որպես հին հավատալիքների և հայ ժողովրդի ստեղծարար ոգու կենդանի վկաներ։






