DSC

North Adventures Armenia

Հունվարի 27-ը սկսվեց մառախուղով։ Երևանը դեռ քնած էր՝ խոնավ, մշուշոտ  ու մի քիչ լուռ, իսկ մենք արդեն ճանապարհին էինք։ Մինչև Արագածոտնի մարզ մառախուղն ասես մեզ հետապնդում էր, չէր ուզում բաց թողնել, բայց հենց մտանք Շիրակի մարզ՝ ամեն ինչ փոխվեց։ Կապույտ երկինք, լայն սպիտակ դաշտեր և զգացում, որ ճիշտ տեղում ենք հայտնվել։

Ճանապարհը մեզ հասցրեց Կարմրավան՝ Աշոցքի տարածաշրջան, որտեղ մեզ սպասում էր North Adventures Center-ը։ Ձյունն այստեղ միայն առաջին հայացքից էր սառը։ Իրականում այն լի էր շարժումով, ծիծաղով ու երեխաների հաճելի աղմուկով։ Առաջին անգամ փորձեցինք քայլել ձյունեկոշիկներով։ Երեխաները գունավոր հագուստներով, ձյունեկոշիկները ոտքերին, մեկ-մեկ փռվում էին ձյան վրա, արագ կանգնում, ժպտում ու կրկին առաջ շարժվում։

Բուբլիկներով սահելը օրվա ամենաաղմկոտ հատվածն էր․ սահում էինք, գոռում, ծիծաղում, երբեմն էլ պարզապես չէինք հասցնում շունչ քաշել։ Դահուկներն ու սնոուբորդն էլ իրենց տեղն ունեին՝ մեկն առաջին անգամ էր փորձում, մյուսն արդեն վստահ շարժվում էր՝ ձյան վրա գծեր թողնելով։

Իսկ երբ ուժերը մի քիչ սպառվում էին կամ մրսելուց հետո ուզում էինք հանգստանալ, մտնում էինք կենտրոնի տնակը։ Տնակում միանգամից ուրիշ աշխարհ էր․ տաքություն, թեյի հոտ, հանգստություն։ Ձեռքերը կամաց-կամաց տաքանում էին, այտերը՝ կարմրում, ու երբեմն նույնիսկ զգում էինք, որ շոգում ենք՝ դուրս գալով կրկին ձյան մեջ։

Օրն արագ անցավ՝ ձյուն, սարեր, կապույտ երկինք ու միասին անցկացրած ժամանակ։ Շիրակը մեզ ընդունեց իր բաց տարածքներով ու պարզ երկնքով, ու մենք վերադարձանք նոր լիցքերով։ Սա մի օր էր, երբ բոլորս պարզապես լավ զվարճացանք։ Շաաատ հավես օր էր։