DSC

Երեխաների արշավը Վարդագույն կիրճում

Վարդագույն կիրճի արշավն ասես գեղեցիկ պատկերների մրցավազք լիներ։ Սկզբում քայլեցինք Լանջազատ գյուղի տեսարաններով, որն աստիճանաբար փոխվեց Ազատի ջրամբարով։ Ջրամբարի ջուրը կապտականաչավուն էր, որը լցված էր արևավառ դեղին երանգով ներկված լեռների գրկում։ Տարօրինակ թող չթվա, բայց գույների այս հակադրությունը շատ ներդաշնակ էր։ Երբ անցանք առաջին թեք լանջերը, դեմ հանդիման կանգնեց Արարատ լեռը։ Անզուգական կապույտ երկնքի մեջ Արարատն անկրկնելի էր։ Արարատի խորհրդավոր ներկայությամբ ճանապարհը շարունակվեցինք լեռների կատարային մասերով և աստիճանաբար սկսեցինք իջնել դեպի Վարդագույն կիրճ։ Իսկ այդ ընթացքում էլ հասցնում էինք հիանալ Երանոսի լեռների բազմագույն շերտերով։

Վարդագույն կիրճում արշավը պարզապես արշավ չէ, այլ՝ իրական բնական արգելքների հաղթահարում: Քայլել ենք նեղ ժայռային միջանցքներով, բարձրացել թեք ու հարթաքար լանջերով, անցել ժայռերի արանքներով՝ պահելով հավասարակշռությունը, և տեղ-տեղ հաղթահարել ձյան հալոցքներից և նախորդող օրերի տեղումներից առաջացած ջրային հատվածներ։ Ժայռերի բազմագույն շերտերը, նեղ կիրճային հատվածները և կենդանի ռելիեֆը յուրաքանչյուր քայլին նոր մարտահրավեր էին։ Բայց հենց այդտեղ էլ ձևավորվում է վստահությունը, երբ երեխաներն ինքնուրույն գտնում են ոտքը դնելու ճիշտ տեղը, իրենց հենարանն ու ճանապարհը։

Այս գունային բազմազանության շնորհիվ ամեն քարն ասես արվեստի գործ լիներ։ Բայց այս քարերի մեջ մեզ ամենից շատ գրավել էր դենդրիտը։ Այն հիանալի օրինակ է՝ ցույց տալու, թե ինչպես է բնությունը «նկարում»՝ ստեղծելով ծառանման նախշեր քարի մակերեսին։

  • Անցած ուղի՝ 11կմ
  • Բարձրություն՝450մ