Աստղոնքի գագաթին
2026 թվականի հունիսի 28-ին ուղևորվեցինք Վարդենիսի լեռներ։ Մեր նպատակը լեռնաշղթայի բարձրությամբ երկրորդ գագաթի՝ 3470 մետր բարձրություն ունեցող Աստղոնք լեռան վերելքն էր։ Աստղոնքը գտնվում է Գեղարքունիքի մարզում՝ Վարդենիսի լեռների կենտրոնական հատվածում։ Լեռան հարավահայաց լանջերին է գտնվում նաև «Յոթ լճեր» կոչվող տարածքը՝ իրարից ոչ հեռու տեղակայված փոքր լճակներով։
Երևանից ճանապարհ ընկանք վաղ առավոտյան։ Ընդհանրապես այս տարվա մեր «ամառային արշավները» միտումնավոր շատ վաղ էինք սկսում։ Միաժամանակ պատրաստվում էինք Արարատի վերելքին, ուստի անհրաժեշտ էր օրգանիզմը հարմարեցնել ոչ միայն բարձրությանը և ֆիզիկական ծանրաբեռնվածությանը, այլև վաղ արթնանալուն ու լուսաբացին քայլելուն։
Առավոտյան ժամը 9-ին արդեն Մարտունիում էինք։ Ավելին՝ տեղավորվել էինք բեռնատար մեքենայում և «սլանում» էինք դեպի վերելքի մեկնարկային կետը։ Արտաճանապարհի մոտ կեսն անցնելուց հետո հայտնվեցինք աննկարագրելի գեղեցիկ կիրճում։ Աջ ու ձախ վեր էին խոյանում Վարդենիսի լեռների՝ մեկը մյուսից զառիթափ գագաթները, իսկ կիրճի միջով սրընթաց հոսում էր Մարտունի գետը։
Այստեղ բնությունն ասես շփոթել էր եղանակները։ Ամառային վառ կանաչը միախառնվել էր լանջերին պահպանված ձյան լայն շերտերին։ Խոր կապույտ երկինքը, ճերմակ ու մոխրագույն ամպերը, ձյունածածկ կատարները, կանաչ լանջերն ու մուգ ժայռերը միավորվել էին՝ հսկայական կենդանի կտավ ստեղծելով։
Վերելքի ընթացքում անցանք ձյան շերտերի կողքով, քայլեցինք կանաչ հովիտներով ու բարձրադիր լանջերով։ Որքան բարձրանում էինք, այնքան տեսադաշտն ընդարձակվում էր՝ բացելով Վարդենիսի լեռների ձյունաշատ ու ալիքվող գագաթների համայնապատկերը։ Ամպերը երբեմն խտանում էին լեռնաշղթայի գլխավերևում, երբեմն էլ բացում երկնքի վառ կապույտը՝ ամեն րոպե փոխելով բնապատկերի գույներն ու տրամադրությունը։
Այդ օրը քայլեցինք 10,5 կմ և հաղթահարեցինք 800 մետր հարաբերական բարձրություն։ Եվս մեկ գեղեցիկ ու կարևոր վերելք ավելացավ ոչ միայն մեր արշավային պատմությանը, այլև Արարատի վերելքին նախապատրաստվելու ճանապարհին։
Երթուղու երկարությունը՝ 10,5 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 800 մ
Աստղոնքի բարձրությունը՝ 3470 մ











