«4 Գագաթ»-ի նախագիծը՝ reArmenia հարթակում
«4 Գագաթ» մանկապատանեկան լեռնային ակումբը «Լեռները մեր դպրոցն են» նախագծով ներկայացված է reArmenia համագործակցության հարթակում։ Նախագծի նպատակը «4 Գագաթ»-ի կրթական հնարավորությունների ընդլայնումն է՝ ստեղծելով ավելի մեծ և հագեցած կրթական միջավայր, որտեղ ավելի շատ երեխաներ կկարողանան մասնակցել մեր լեռնային կրթական ծրագրերին, իսկ տեսական գիտելիքը կզուգակցվի գործնական պարապմունքների հետ։ Այսօր մեր ունեցած փոքր տարածքը հնարավորություն է տալիս տարեկան աշխատել ընդամենը երկու խմբի հետ։ Մինչդեռ տարեցտարի ավելանում է այն երեխաների թիվը, որոնք ցանկանում են մասնակցել «4 Գագաթ»-ի դասընթացներին, սովորել լեռներում անվտանգ տեղաշարժվելու կանոնները, կողմնորոշում, առաջին օգնություն, ծանոթանալ Հայաստանի բնությանը, պատմությանն ու աշխարհագրությանը և այդ ամենը հետագայում կիրառել իրական արշավների ու վերելքների ընթացքում։ Հենց այս խնդրի լուծմանն է ուղղված «Լեռները մեր դպրոցն են» նախագիծը։
Ինչ ենք ցանկանում ստեղծել․
Նախագծի միջոցով ցանկանում ենք ընդլայնել մեր կրթական տարածքը և ստեղծել երեխաների լեռնային պատրաստության համար անհրաժեշտ պայմաններ։ Մեր կարևոր նպատակներից է նաև մագլցման պատի ստեղծումը, որը հնարավորություն կտա երեխաներին գործնական միջավայրում սովորել և զարգացնել լեռնագնացության համար անհրաժեշտ հմտությունները։ Նոր հնարավորությունները թույլ կտան մեզ ընդունել ավելի շատ երեխաների, ընդլայնել կրթական ծրագրերը և տեսական դասերն ավելի սերտորեն կապել գործնական պատրաստության հետ։
Ինչո՞ւ են լեռները մեր դպրոցը․
2016 թվականից «4 Գագաթ»-ի գործունեության հիմքում մի գաղափար է՝ երեխային կրթել նաև լեռների միջոցով։ Մեզ համար արշավը պարզապես քայլել կամ որևէ գագաթ բարձրանալ չէ։ Մինչև լեռ գնալը երեխաները սովորում են։ Մեր 5-ամսյա կրթական ծրագրի ընթացքում նրանք ծանոթանում են լեռնային վտանգներին և եղանակային երևույթներին, սովորում կողմնորոշվել քարտեզով ու կողմնացույցով, ցուցաբերել առաջին օգնություն, ճիշտ հավաքել արշավային գույքը, տեղադրել վրան, ճանաչել Հայաստանի աշխարհագրությունը, բնությունն ու պատմամշակութային ժառանգությունը։ Իսկ հետո դասասենյակում սովորածը տեղափոխվում է լեռ։ Այստեղ արդեն գիտելիքին ավելանում են փորձը, պատասխանատվությունը, ինքնուրույնությունը, թիմային աշխատանքը, դժվարությունը հաղթահարելու կարողությունն ու ընկերոջը օգնելու պատրաստակամությունը։ Այդ պատճառով էլ մեզ համար լեռները դպրոց են՝ առանց պատերի։
Տասը տարվա ճանապարհից՝ զարգացման նոր փուլ․
2026 թվականին «4 Գագաթ»-ը նշում է գործունեության 10-ամյակը։ Այս տարիների ընթացքում մեր ծրագրերին մասնակցել են հարյուրավոր երեխաներ։ Նրանք քայլել են Հայաստանի տարբեր լեռնային երթուղիներով, մասնակցել կրթական ծրագրերի, ճամբարների ու վերելքների, իսկ մեր սաներից շատերի համար առաջին մանկական արշավները հետագայում դարձել են ավելի լուրջ լեռնագնացային նպատակների սկիզբ։ «4 Գագաթ»-ի երեխաները մասնակցել են նաև Հայաստանի սահմաններից դուրս կազմակերպված ծրագրերի և վերելքների։ Այս տասը տարին մեզ ցույց է տվել, որ երեխաների լեռնային կրթության նկատմամբ հետաքրքրությունը մեծ է, իսկ մեր ներկայիս հնարավորություններն արդեն չեն համապատասխանում այն ծավալին, որով ցանկանում ենք շարունակել աշխատանքը։ Հենց այստեղից էլ սկսվում է մեր հաջորդ քայլը։
Ինչո՞ւ reArmenia
«Լեռները մեր դպրոցն են» նախագիծը ներկայացնելով reArmenia հարթակում՝ ցանկանում ենք մեր զարգացման հաջորդ փուլին մասնակից դարձնել նաև այն մարդկանց ու կազմակերպություններին, որոնք կարևորում են երեխաների կրթությունը, առողջ և ակտիվ ապրելակերպը, բնության ճանաչումն ու պահպանությունը։ Նախագծին աջակցելով՝ դուք աջակցում եք ոչ միայն նոր տարածքի կամ մագլցման պատի ստեղծմանը։ Դուք հնարավորություն եք տալիս, որ ավելի շատ երեխաներ հայտնվեն լեռներում՝ նախապես կրթված, պատրաստված և լեռների ու բնության նկատմամբ պատասխանատու վերաբերմունքով։ Մենք հավատում ենք, որ Հայաստանը ճանաչելու լավագույն ճանապարհներից մեկը այն քայլելով բացահայտելն է։ Եվ ուզում ենք, որ այդ հնարավորությունն ունենան ավելի շատ երեխաներ։
Միացե՛ք «Լեռները մեր դպրոցն են» նախագծին․
Նախագծի ամբողջական պատմությանը, նպատակներին և աջակցության տարբերակներին կարող եք ծանոթանալ reArmenia հարթակում։ Յուրաքանչյուր աջակցություն մեզ մեկ քայլով մոտեցնում է այն նպատակին, որ ավելի շատ երեխաների համար լեռները դառնան դպրոց։
Ամեն մեծ գագաթ սկսվում է առաջին քայլից։ Այս անգամ այդ քայլը կարող ենք անել միասին՝ ձեզ հետ։ Միացե՛ք մեզ, որպեսզի լեռների կանչը լսեն ևս շատ ու շատ երեխաներ, և թող նոր արշավները սկսվեն հենց այստեղից։
⛰ Աջակցել նախագծին reArmenia հարթակում

