Առաջին չստացված վերելքը՝ Արջանոց լեռան գագաթ

Հունվարի 10-ին պլանավորել էինք բարձրանալ Արջանոցի լեռների ամենաբարձր գագաթը՝ Արջանոց լեռը, որն ունի 2385մ բարձրություն, գտնվում է Գեղարքունիքի մարզում: Առավոտյան ժամը 08:00-ին Երևանում դեռ մութ էր և մշուշ: Իսկ երբ հասանք Չարենցավանին մոտ, մեզ դիմավորեց կապույտ երկինքը, և վերջապես հնարավորություն ստացանք տեսնել հեռուները: Անմիջապես լեռան ստորոտից լանջերը ձյունածածկ էին: Այս անգամ խումբն ուղեկցում էին նաև երեխաները և ձյան մեջ ճանապարհ բացում: Պետք է նշել, որ երեխաների մոտ շատ լավ էր ստացվում: Ընթացքից հասկացանք, որ գագաթ գնալն այնքան էլ ճիշտ չէ, քանի որ ժամանակի մեջ չէինք տեղավորվի և ինչքան բարձրանում էինք, այնքան ձյունը շատանում էր, կարող էր ոտքերը սառեցնելու վտանգ առաջանալ: 471մ բարձրություն հաղթահարելուց հետո, որոշեցինք, որ դա արշավի ամփոփման կետն է: Թվում էր, թե երեխաները պետք է ուրախանան, որ դեպի գագաթ չենք գնալու, բայց եղավ հակառակը: Երեխաները նույնիսկ համոզում էին, որ գնանք գագաթ: Արշավն ամփոփեցինք 2288մ բարձրության վրա ձնագնդիկ խաղալով և սահելով:

Ծնողները պատմում են, որ երեխաները իրենք էլ տանն ասել են, որ ճիշտ էր հետ իջնելը՝ չնայած հակասական զգացողություններին, երեխաները սեփական վերլուծություններն են արել: Ասում են նաև, որ երեխաները ռոմանտիկ պատկերացումներ են ունեցել ձյան և սարի համադրության մասին և զարմացել են, երբ դժվար է եղել ձյունածածկ լանջը բարձրանալ:

Սա շատ ուսուցողական արշավ էր բոլորիս համար: Քանի որ մեր դասերի ժամանակ միշտ խոսում ենք, որ պետք է ճիշտ ժամանակին վերադառնալ և ճիշտ գնահատել իրավիճակը: Կարևորը ոչ միայն գագաթ հասնելն է, այլ անվնաս վերադառնալը: Ակումբի գործունեության հինգ տարիների ընթացքում սա առաջին դեպքն էր, երբ գագաթ չհասանք: Դժվար էր նման որոշում կայացնելը, տեսնել երեխաների տխուր դեմքը, կուլ չգնալ նրանց համոզելուն, բայց՝ ճիշտ էր:

Շնորհակալություն ծնողներին, որ արշավից հետո պատմում են երեխաների զգացողությունների մասին, ինչն էլ օգնում է մեզ էլ ավելի լավ ճանաչել նրանց և ճիշտ կառուցել հարաբերությունները երեխաների հետ: