Եզակի իրադարձություն ՀՀ լեռնագնացության պատմության մեջ

Առաջին անգամ երեխաների թիմը վերելք կատարեց ՀՀ սահմաններից դուրս և այնպիսի գագաթներ, որտեղ ՀՀ-ից որևէ խումբ չէր եղել։ Օգոստոսի 20-28-ը մեկնեցինք Իրանի Իսլամական Հանրապետություն, նպատակը` բարձրանալ Սիահ գոք լեռան (Siah kouk) հյուսիսային գագաթը, որն ունի 4500մ բարձրություն։
Հայաստանից դուրս վերելքի մտադրությունը հստակ նպատակ էր դարձել դեռևս ապրիլ ամսին և այդ ժամանակից սկսած հստակ ծրագրով սկսեցինք նախապատրաստվել։ Իհարկե դեռ պարզ չէր, թե ովքեր կընդգրկվեն խմբում, բայց միանշանակ պարզ էր, որ կընդգրկվեն նրանք, ովքեր կանցնեն կլիմայավարժում և պատրաստ կլինեն հասնել 4500 մ բարձրության։ Վերելքներ Քարկատար լեռ Հորս գյուղից, Խուստուփ, Նազելի և Սպիտակասար, Արագածի Հարավային և Արևմտյան գագաթներ մեկ օրում, Արագածի Հյուսիսային գագաթ Գեղարոտի կողմից և արդեն պարզ էր մեկնող թիմի կազմը։ Թեև խումբը կարող էր 15 հոգուց կազմված լինել, բայց մեկնեցինք երեխաների հետևյալ կազմով.
1. Եվա Հայրապետյան – 11տ
2. Արամ Աբազյան – 13տ
3. Արինա Ղևոնդյան – 13 տ
4. Հարություն Գալստյան – 13տ
5. Լիանա Թոսունյան – 15տ
6. Տիգրան Մոսիկյան – 15տ
7. Հրաչուհի Մարգարյան – 16տ
8. Արամ Մարտիրոսյան – 16տ
Այս ճամփորդության առաջին դժվարությունը մեքենայի ճանապարհը հաղթահարելն էր` 24 ժամ դեպի Թեհրան, որից հետո էլ` 7 ժամ մինչև Մազանդարա շրջանի Վանդարբոն, որտեղից պետք է սկսեինք քայլել։
Վերելքից առաջ, հասնելով Ռուդբարակ քաղաք, հյուրընկալվեցինք պարսիկ լեռնագնաց Ռասուլ Նաղավիին, ով շատ լեռնագագաթներից բացի, Իրանի հավաքականի կազմում հաջողությամբ վերելքներ է իրականացրել Գաշերբրում 2, Կոմունիզմ և Էվերեստ լեռնագագաթներ։ Տան ձեղնահարկը փոքրիկ թանգարան էր, որտեղ ցուցադրված էին լուսանկարներ, շքանշաններ, ալպինիստական ակումբների և տարբեր երկրների դրոշակներ, այդ թվում` Իրանում հայտնի հայկական <<Արարատ>> և <<Սիփան>> ակումբներինը։ Շատ հետաքրքիր էր նշումների գիրքը, որտեղ լեռնագնացները նշումներ էին արել` հաջող վերելքից վերադառնալուց անմիջապես հետո։ Այդ գրքում գտանք նաեւ հայ լեռնագնացների նշումներ։
Ռասուլը տեսնելով երեխաների թիմը, նախ հաճելիորեն զարմացավ, ապա` ողջունեց երեխաներին, մաղթեց հաջող վերելք և այս ամենը` թեյի հյուրասիրությամբ։ Երեխաներն էլ էին հիացած և զարմացած, քանի որ առաջին անգամ էին հայտնվել մի մարդու տանը, որը լցված էր լեռնագնացության շնչով։
Այս հանդիպումն էլ միանշանակ դրական ազդեցություն ունեցավ մեր հաջող վերելքի համար, քանի որ այսպիսի մոտիվացիոն հանդիպումը այլ հետևանք չէր կարող ունենալ։
Վերելքի մեկնարկի 1-ին օր –  Վանդարբոնում է գտնվում ԻԻՀ-ի Լեռնագնացության և սպորտային մագլցման ֆեդերացիային պատկանող և լեռնագնացների համար նախատեսված կացարանը, որտեղ էլ գիշերել էինք։ Այն գտնվում է 2200մ բարձրության վրա։ Վերջապես մեքենայով երկար ճամփորդությունից հետո, հանգիստ գիշեր անցկացրեցինք և առավոտյան ժամը 07:00 արթնացանք, նախաճաշեցինք, նախապես հավաքված ուսապարկերում տեղավորեցինք ճանապարհի համար նախատեսված սնունդը, ջուրը և ժամը 8:59 ճանապարհ ընկանք։ Ամբողջ ճանապարհն անցնում է գետի երկայնքով և զորեղ քարակերտ լեռներով, որոնք ունեն 3500+ բարձրության գագաթներ։ Երկու կամրջակով գետը անցնելուց հետո հայտնվեցինք արահետի վրա և սկսեցինք զառիթափ վերելքը։ Շնորհիվ զիգզագաձև արահետի համեմատաբար հեշտանում էր վերելքը։ Առաջին օրը պետք է հասնեինք 3900մ բարձրության վրա գտնվող Սարչալի կացարան, այսինքն պետք է մեկ օրում հաղթահարեինք 1700մ բարձրություն։ Իհարկե, այս ամբողջ վերելքն է անհավանական թվում, բայց 1700մ-ը մեկ օրու՞մ … Բայց տեղի ունեցավ ավելի անհավանական մի բան, մենք 1800 մ-ը (ընթացքում վայրէջք անելու հաշվին) հաղթահարեցինք 4 ժամ 18 րոպեում։ Ոգեորված գրանցած հաջողությամբ տեղավորվեցինք Սարչալի կացարանում, մի քիչ զրուցեցինք և անջատվեցինք` քնեցինք։ Մոտ 3 ժամ քնելուց հետո երեխաների մոտ ժամանակի զգացողության խառնաշփոթ էր առաջացել` կարծում էին, թե օրը փոխվել է։
Երեկոյան կազմակերպվեց ամենաերկար թեյախմությունը` ժամ, երեսուն րոպե անընդմեջ թեյ ենք խմել, որպեսզի դիմակայենք թթվածնի պակասի հետեւանքով հնարավոր ջրազրկմանը և լեռնային հիվանդության վիճակի մեջ չընկնեք։ 22:00 արդեն քնած էինք։
Վերելքի 2-րդ օր – Առավոտյան 4:30 արթնացանք և սկսեցինք պատրաստվել գագաթի վերելքին։ Հաշվի առնելով երեխաների լավ պատրաստվածությունը, որոշեցինք չսահմանափակվել միայն Սիահ գոք լեռան հյուսիսային գագաթով, այլ բարձրանալ նաեւ հարավայինը։ Երբ կացարանից դուրս եկանք ականատես եղանք գեղեցիկ, տպավորիչ և անմոռանալի մի արևածագի։ Ամպերի ծովը լցվել էր լեռների ձոր ու ձորակները և գնալով ընդարձակվում մինչեւ հորիզոն։ Արեւը բոսորագույնով ընդգծել էր ամպի ու երկնքի հատման գիծը, որը րոպե առ րոպե փոփոխվում էր։ Լեռների սևին տվող ուրվագծերը լրացնում էին պատկերը։ Լապտերների լույսով սկսեցինք քայլել։ Հենց սկզբից էլ սկսվեց զառիթափ վերելքը։ Ներքին անհանգստություն կար, թե ինչպես երեխաները կկարողանան հաղթահարել բարձրությունը, որին գումարվել էր նաեւ առաջին անգամ 3900մ բարձրության վրա գիշերելու փորձը։ Քայլում էինք հանգիստ, պարբերաբար հիշեցնելով շնչառությանն ու սրտի զարկերին ուշադրություն դարձնել, ոգևորում` նշելով, որ իրենց 4500 մ հասնելը հավասար է մեծերի 5500մ-ին։ Յուրահատուկ գեղեցկությամբ արևածագը օգնում էր հաղթահարել դժվարությունները։ Պարբերաբար` 300մ, լանջի թեքությունը 45° էր հասնում։ Երբ հասանք 4200մ բարձրության, լանջերի թեքությունը փոքր-ինչ մեղմացավ։ Շրջապատված 4500մ-ից բարձր գագաթներով <<4 գագաթը>> քայլում էր լուռ ու անհամբեր։ Ահա, գագաթից 5 մ ցածր ենք, շունչ ենք քաշում, ոտքի մկանները հանգստացնում ու …
Սիահգոգի 4500մ բարձրությամբ գագաթի վրա լսվում է Արամ Մարտիրոսյանի բարձր և ոգեորված ձայնը, ով պարզել էր ձեռքերը ու գոռում` չեմ հավատու՜մ …
Բոլորս երջանիկ էինք ու ոգևորված։ Չգիտես թե ինչ մղումով, երեխաներն ինքնաբուխ սկսեցին ՀՀ հիմնը երգել։ Գագաթից բացվող աննորմալ գեղեցկությունը ցնցող էր` Դենդենա Էժդեհա (Վիշապի ատամ), Թախթը Սոլեյման, Սիահ Քյաման (Սև աղեղ) և վերջապես հզոր Ալամ Քուհը հիացած մեզ էին նայում, մենք էլ` իրենց։ Բոլորն իրենց լավ էին զգում, տրամադրություններն էլ Սիահգոգի բարձրության գագաթնակետին էր։ Գագաթին հայերենով և անգլերենով նախապես գրված գրություն թողեցինք, այն հույսով, որ այն կգտնի հայկական խումբ։
Հաջողությամբ ոգեորված բարձրացանք նաև Սիահ գոքի հարավային գագաթը, որն ունի 4259 մ բարձրություն, ինչպես նաև Ռոստամնիշտ գագաթ` 4440մ բարձրությամբ։
Այս օրն էլ 4 ժամում հաղթահարեցինք 750մ բարձրություն։ Բարձրությունն իրեն զգացնել տվեց։ Թեև չի բացառվում, որ եթե երկար ճանապարհից հետո հանգստանալու ժամանակ ունենայինք, ավելի արագ կլինեինք։
Իջանք Սարչալ, հավաքեցինք իրերը, մեկ ժամ հանգստացանք և շարունակեցինք իջնել դեպի Վանդարբոն։ Ժամը 17:30 արդեն 2200մ բարձրության վրա էինք` հետևում թողնելով 2550մ անցած բարձրություն։
2022թ.-ի օգոստոսի 23-ը Հայաստանի լեռնագնացության պատմության մեջ կնշվի մի օր, երբ առաջին անգամ երեխաների խումբը Հայաստանից դուրս հատեց Հայաստանի ամենաբարձր գագաթի 4090մ սահմանը` վերելք կատարելով Սիահ գոքի 4500մ գագաթը։