Թեժ վերելք Թեժլեռ

Սկսել ենք 3000+ վերելքները, և առաջին հերթին այն բանի համար, որ պատրաստվում ենք բարձր գագաթներ գնալ, այդ թվում՝ Արագածը, և հետո, որովհետև վերևներում հով է։ Առաջին 3000+ գագաթը Թեժլեռն էր։

Թեժլեռը Փամբակի լեռնաշղթայի ամենաբարձր կետն է, գտնվում է Լոռու և Կոտայքի մարզերի սահմանագլխին։ Բարձրությունը 3101մ է։

Չնայած գիտեինք, որ հիմնականում անամպ երկինք է լինելու, սակայն այդ աստիճանի շոգի տրամադրված չէինք՝  մինչև գագաթ քայլեցինք պարզ երկնքի տակ, անողոք արևի ուղեկցությամբ, անտանելի շոգ պայմաններում։ Երբ որևէ ամպի փոքրիկ կտորի ստվեր էինք տեսնում դիմացի լանջին, սպասում էինք, որ դեպի մեզ կգա և կարճ ակնթարթով կհովանանք, բայց ստվերը մեզ չէր հասնում։ Երեխաներն ասում էին, որ ամպերը մեզնից սոցիալական հեռավորություն են պահպանում։
Հսկա լեռներով շրջապատված՝ քայլում էինք և հանգստանում Փամբակի լեռներում։ Ջրի պակաս էլ չունեինք, քանի որ լեռնային աղբյուրները մեզ անընդհատ անմահական ջրի պաշար էին ապահովում։ Բոլորիս հաջողվեց հասնել գագաթ և հայտնվել ամպերից վեր։ Մեզ զուգահեռ ձգված Ամպասար լեռն անընդհատ փակվում էր ամպերով և բացվում, երեխաներին ցույց տալով, թե ինչու են իրեն Ամպասար ասում։ Մեր սիրելի Լոռին ամպերի տակ էր։ Չնայած հոգնածությանը, գագաթին շատ կարճ մնացինք, քանի որ շատ կարճ ժամանակում եղանակը փոխվեց և ամպրոպի վտանգ էր զգացվում՝ երեխաների մազերը լիցքավորվել էին և բիզ-բիզ դարձել։ Արագ հագանք անձրևապաշտպանները և սկսեցինք ցած իջնել։ Անձրևն էլ մեր Վարդավառի տոնն ապահովեց։
Քայլեցինք 12կմ, հաղթահարեցինք 800մ բարձրություն, ինչպես նաև կարողացանք հաղթահարել անտանելի շոգը, Թեժլեռ գագաթի զառիթափ լանջերը, ինչը մեկ անգամ ևս երեխաներով հիանալու առիթ է։