Նարինե լեռն ու Ակնա լիճը

Օգոստոսի 4-ին ճանապարհ բռնեցինք դեպի Գեղամա լեռներ, որտեղ ամեն բան խորհրդավոր է և շատ գեղեցիկ։ Հասնելով Գեղամայի սարավանդին այնքնան գագաթներ են վեր հառնում, որ չգիտես՝ որը բարձրանալ և որը թողնել։ Բայց մենք գնացել էինք արդեն որոշում կայացրած՝ բարձրանալու ենք Նարինե լեռը։ Այս լեռան վերելքը նախապատմություն ունի։ Նախ այն այս անունը կրում է ոչ շատ վաղուց, մոտավորապես մեկ ու կես տարի և ոչ պաշտոնապես։ Սակայն այն լիիրավ իրավունք ունի անուն ունենալու, քանի որ որպես գագաթ չի զիջում անուն ունեցող մյուս գագաթներին, իսկ որոշներից նաև առավել է։ Անցյալ տարի երկու անգամ պլանավորել էինք բարձրանալ Նարինե լեռը, սակայն ստիպված էինք եղել մեկ օր առաջ և հենց առավոտյան չեղարկել արշավը վատ եղանակի պատճառով։

Այս անգամ եղանակը որոշեց մեզ հնարավորություն տալ բարձրանալու։
Զառ գյուղից բեռնատարով ճանապարհ ընկանք։ Մինչև Սևաբերդ հասնելն ամեն ինչ հոյակապ էր, քանի որ բեռնատարը սլանում էր ասֆալտապատ ճանապարհով, իսկ Սևաբերդից սկսեցինք գնալ փոշոտ և լեռնային ճանապարհով, ինչն այնքան էլ հեշտ չէր։
Երկինքը պարզ էր, բայց ինչքան մոտենում էինք Գեղամային, այնքան օդը սառում էր։ Սկսեցինք քայլել Շամփրասար լեռան մոտից՝ անցնելով Շուշան և Ակնասար լեռների մոտով։ Նարինե լեռան լանջերից տեսարան էր բացվում դեպի Սևանա լիճը և այլ հրաբխային կոները։ Գագաթին մոտ շատ ուժեղ քամի էր, իսկ գագաթին՝ ոչ այնքան։ Գագաթից երևում էր նաև Սևկատար լեռը, հուշելով, որ ինքն էլ պետք է հայտնվի մեր ապագա վերելքների ցուցակում։ Երբ նայում էինք դեպի Գեղամայի հարավ, մեզ էին նայում Գռասար, Գեղաքար, Սպիտակասար, Աղուսարեր, Աժդահակ և շատ այլ գագաթներ։ Նարինե լեռան խառնարանում սնվելուց հետո շարժվեցինք դեպի Ակնա լիճ։ Եղանակն առավոտվա ջերմությունը չուներ, ամպերը թույլ չէին տալիս արևի շողերին մեզ հասնել և քամի փչելով ստիպում էր տաք հագուստով մնալ։ Չնայած օգոստոս ամսին՝ տեղ-տեղ ձյուն կար։ Ակնա լճի մոտ երկար հանգիստ ունեցանք, խաղացին գորտերի հետ, լուսանկարներ արեցինք և տրամադրվեցինք բեռնատարով ճանապարհ ընկնելուն։ Այդ ընթացքում մեզ մոտեցավ Արամուսցի մի մարդ (ցավոք անունը չմտապահեցինք) և ասաց, որ հեռվից երբ տեսել է մեզ մտածել է, որ չինացիներ կամ թզուկներ են, քանի որ մտքով անգամ չի անցել, որ այստեղ կարող էր երեխաների մեծ խումբ տեսնել։
Այդ օրը քայլեցինք 7 կմ, հաղթահարեցինք 300մ հարաբերական բարձրություն, մեր հիշողության մեջ դաջեցինք յուրահատուկ լեռնային գեղեցկություն։