Պիլոտային ծրագրի մեկնարկ

Խոսքը գործ է։
Դեռևս վեց տարի առաջ դրված նպատակը, որի մասին նաև բարձրայնեցինք մեկնարկից առաջ, փոքր քայլերով դառնում է իրականություն։ Կարևորելով երեխաների շրջանում լեռնային պատրաստության, կողմնորոշման, բնական արգելքների հաղթահարման և այլ կարողությունների զարգացումը, որոնք մեծ նշանակություն ունեն առողջ ապրելակերպի, սպորտյաին պատրաստության, հայրենաճանաչության, ռազմական, բնապահպանական և այլ տեսանկյուններից, եկանք այն եզրահանգման, որ հանրակրթական դպրոցներում պետք է անցնել այս ամենը։
Այս նպատակի իրագործման սկիզբը դրվեց ամռանը, երբ ՀՀ ԿԳՄՍՆ ներկայացվեց գրավոր առաջարկ, դպրոցների ցանկ և պիլոտային կրթական ծրագիրը։ Ծրագիրը ՀՀ ԿԳՄՍՆ կողմից ուղղարկվել էր պատկան մարմիններին, որոնց կողմից տրվել էին դրական կարծիքներ ծրագրի վերաբերյալ։
Պիլոտային ծրագիրը չափազանց կարևոր է մեզ համար, որի իրագործման համար ջանք, եռանդ և միջոցներ չենք խնայելու, որպեսզի լեռնային պատրաստություն թեման որպես պարտադիր ծրագիր ներառվի դպրոցական ծրագրերում։ Այս ծրագիրն այնքան աջակիցներ ու համախոհներ ունի, որ դժվար է կասկածի տակ դնել այն իրագործելու անհնարինությունը։
Արդեն երեք շաբաթ է 7 դպրոցներում մեկնարկել ենք պիլոտային ծրագիրը, որը մինչ այս պահը հաջողությամբ է ընթանում։ Պիլոտային ծրագրի իրագործման գործում ներգրավված են <<Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի>> հետ համագործակցող7 արշավային ակումբների թիմեր, որոնք բացի տեսական գիտելիքներից, նաև իրենց փորձով կյանքի են կոչում ծրագիրը։