Վայոց Ձորի գույների մեջ

Մայիսի 24-ի արշավը երեխաշատ էր՝ 42 երեխա, և իհարկե 7 մեծահասակ։ Ո՞րն էր այս ակտիվության պատճառը, պատասխանը մեկն է՝ Վայոց Ձորի գույներին անտարբեր մնալը հեշտ չէ։
Այս անգամ շատ քիչ էինք քայլելու՝ երկու ուղությունը միասին 3կմ, ինչը երեխաներին շատ-շատ էր զարմացրել։ Երբ արդեն հասել էինք այն կետին, որտեղ պետք է դադար տայինքքայլելուն , երեխաները չէին հավատում և նույնիսկ առաջարկում էին մի քիչ էլ քայլել։ Հաջորդ արշավին քիչ քայլելու բացը կլրացնենք։

Բոլորին է հայնի Վայոց Ձորին հատուկ գունային բազմազանությունը, և մենք էլ գնացինք բացահայտելու Հայկական լեռնաշխարհի մի անկյուն, որտեղ նարնջագույնը, կանաչը, մոխրագույնն ու երկնքի կապույտը համերաշխ են իրար հետ։ Ամաղուն Գնիշիկի հովտում գտնվող ձորահովիտ է, որտեղ նաև համանուն գյուղ է եղել ժամանակին, իսկ այժմ նախկին գյուղից գրեթե հետքեր էլ չեն մնացել։
Ամաղուի բարձունքից Նորավանքի շրջակայքը բազմագույն էր, այստեղ և՛ լերկ լանջերեն, և՛ ժայռածերպ։ Այս անգամ եղանակը քամոտ էր, հեռվում մռայլ ամպեր էին, որոնք զգուշավոր սահքով հասան նաև մեզ։ Անձրև տեղաց՝ կաթիլները շատ մանր էին և մեզմ։ Անձրևին Վայոց Ձորում գույներն ավելի են խտանում։ Ինչքան հնարավոր էր քամու պայմաններում խաղեր խաղացինք և շարունակեցինք մեր ճամփորդությունը՝ հաջորդ կանգառը դեպի Նորավանք գնացող ճանապարհի ժայռի պռնկին էր, որտեղից գեղեցկագույն և շունչ հատող տեսարան է բացվում՝ ոտքերիդ տակ խորը կիրճն է, որտեղից հեռավոր լսվում է սլացող մեքենաների ձայնը, դիմացդ՝ վեր խոյացող ժայռեր, երբեմն ինչ որ թռչուն է ճախրում և ասում՝ այո, ես միշտ այս բարձրությունից եմ բնությունը տեսնում։ Այս վայրը հայտնի է նաև բեզոարյան այծերով։
Հետո կանգառ արեցինք Արենի համայնքի մոտ գտնվող սելաֆորսիչի կամ սելաֆարգելի մոտ, երեխաները մի քիչ <<մագլցեցին>> այստեղ, որից հետո վերադարձանք Երևան։
Երեխաների հետ ճամփորդելով ճանաչում ենք մեր հայրենիքը, տեսնում գողտրիկ անկյուններ և ամեն անգամ զարմանում հրաշագործ բնության ստեղծած պատկերներից։