«Վրանային ճամբար»-ներ Ստեփանավանում

Էն Լոռու ձորն է, ուր հանդիպակաց
Ժայռերը՝ խորունկ նոթերը կիտած՝
Դեմ ու դեմ կանգնած, համառ ու անթարթ
Հայացքով իրար նայում են հանդարտ։

Լոռու մարզն աչքի է ընկնում գեղեցիկ բնությամբ և համեմատաբար խոնավ կլիմայով։ Այստեղ են ձգվում Ջավախքի, Բազումի, Փամբակի, Գուգարաց, Վիրահայոց, Հալաբի լեռնաշղթաները: Անտառածածկ, վեր սլացող լեռները, խորը կիրճերը և այդ կիրճերը շառաչով լցնող գետերը, այստեղ բնակվող մարդիկ ներշնչանքի աղբյուր են։ Եվ այս ամենը կրկին ու կրկին ստիպում է հավաքել իրերն ու գնալ Լոռի, մեր պարագայում՝ Ստեփանավան։

ՃԱՄԲԱՐԸ նոր և անմոռանալի զգացողություններ է ապահովում, պահանջում է բարդ, երբեմն նույնիսկ վտանգավոր խնդիրների լուծում։ Այն ակտիվ, հետաքրքիր, օգտակար հանգստի ձև է երեխաների և պատանիների համար, ինչպես նաև բնության հետ շփվելու երջանկություն: Ճամբարը նոր ընկերներ ձեռք բերելու, նոր հանդիպումների, և ծանոթությունների առիթ է։  Այստեղ միասին փորձություններ ենք անցնում, սովորում ենք փոխօգնության հմտություններ։ Ճամբարը երեխաների մտերմանալու, մարդկային լավագույն հատկանիշները բացահայտելու միջոց է, կարգուկանոն և ռեժիմ։ Ճամբարին մասնակցելու շնորհիվ ստանում ենք տեսական գիտելիքներ և գործնական հմտությունները փորձարկում ենք իրականում։

Եվ այս երկու կարևոր գործոններն են (Լոռվա բնությունն ու ճամբարի կարևորությունը), որ մեզ դրդում են կազմակերպել ճամբարներ, և մշակել նոր ծրագրեր։

Հուլիսի 7-13-ը և օգոստոսի 9-16-ը կրկին կազմակերպեցինք «ՎՐԱՆԱՅԻՆ ՃԱՄԲԱՐ»-ներ Ստեփանավանում, որոնք բավականին հաջող ընթացք և դրական արձագանք ունեցան։ Ճամբարը կազմակերպվում է սոճիների հովին, որտեղ կարելի է նույնիսկ սկյուռիկներ տեսնել։ Դասերն անց են կացնում Լոռէ փրկարար ջոկատի փորձառու հրահանգիչները և փրկարարները, ովքեր բացի ոլորտի լավագույններից լինելով, նաև լավ մանկավարժներ են։ Ճամբարի ուղվածությունը լեռնային է, որտեղ սովորում ենք հաղթահարել բնական արգելքներ, որոնց կարող ենք հանդիպել բնության մեջ և ոչ միայն։

Դասերից ազատ ժամանակն անցնում է խաղալով՝ տղաներին գերում է ֆուտբոլը, աղջիկներին՝ փետրագնդակը (բադմինտոնը), երկուսին միասին՝ դրոշակը, անուն գոռոցին, բադերի որսորդը, պահմտոցին և այլ խաղեր։ Իսկ մութն ընկնելուն պես հավաքվում ենք խարույկի շուրջ, որի համար փայտը հավաքում ենք նախապես։

Թարմ և խոնավ օդ, բնության անուշ բույր, ձայներ և տեսարաններ, երեխաների բազմազան զրույցներ, հարազատ և վստահելի մարդիկ՝ էլ ի՞նչ է պետք լավ օրեր ունենալու համար։

Իսկ, եթե ցանկանում եք ծանոթանալ և մտովի մեզ հետ անցնել ճամբարի մեկը մյուսից տարբեր օրերը, ուրեմն շարունակեք կարդալ․

Օր 1

Ինչպես մեր ակումբի բոլոր ճամփորդությունների ժամանակ, ճամբարի ժամանակ ևս հանդիպում ենք վաղ առավոտյան։ Հասնելով Ստեփանավան՝ երեխաներն ինքնուրույն կամ վրան տեղադրել իմացողի օգնությամ տեղադրում են վրաններն ու դասավորում իրերը։ Սովորաբար բոլոր ճամբարներին մասնակցում են մեր ակումբի երեխաները և ակումբի անդամ չհանդիսացող երեխաներ։ Եվ վրան տեղադրելու փորձի փոխանակումը հենց երեխաներն են անում։ 7 օր երեխաները պետք է ապրեն իրենց ձեռքով տեղադրած վրանում, այնպես որ, ինչքան հնարավոր է լավ են ամրացնում այն։

Մեր «Վրանային ճամբար»-ում ամենահամեղ նախաճաշ, ճաշ և ընթրիքն է մատուցվում, այնպես որ վրանային ավանի կառուցումից հետո անհամբերությամբ շտապում ենք ճաշի։ Ճաշից հետո անցնում ենք պարանային փորձությունների այգին՝ փորձարկելով մեր հավասարակշռությունը, կենտրոնանալու կարողությունը, բարձրության հանդեպ վախը և ճկունությունը։ Բնության մեջ հաճախ բնական արգելքներ են հանդիպում, որոնք պետք է անցնել, և այս պարանային փորձությունների այգու անցումն ինչ որ չափով օգնում է փորձ ձեռք բերել։

Ազատ ժամերին երեխաները խաղեր են խաղում, ընթերցանությամբ կամ նկարչությամբ զբաղվում։ Երեկոյան հավաքվում ենք խարույկի շուրջ։ Պետք է նշել, որ խարույկը հաճախ երեխաներն իրենք են վառում՝ ամեն ճամբարին խարույկի մշտական և ինքնակամ պատասխանատուներ ենք ունենում, ովքեր հեշտությամբ և հաճույքով ցախ են հավաքում, կտրատում և գիշերը մեզ ջերմություն ապահովում։

Անտառ, լռություն, լռության մեջ վառվող փայտի ձայն և մթության մեջ պարող կրակ։ Եվ ինչպե՞ս կրակը չպարի, երբ երեխաներն են խարույկի շուրջ և երգում են անուշ։

Քնելու պահը թերևս ամենասպասված պահն է, քանի որ լինում են երեխաներ, ովքեր առաջին անգամ են գիշերում վրանում, իսկ նրանք, ովքեր փորձ ունեն վրանային գիշերակացի, անհամբերությամբ դեպի վրան են գնում, բայց ոչ թե քնելու, այլ չաչանակելու։ Երեկոյան ժամերին բավականին զով է Ստեփանավանում և քնելիս լավ տեղավորվում ենք քնապարկերի մեջ և անուշ քուն մտնում։

Օր 2

Ամեն առավոտ զարթուցիչը դրված էր 8։00, բայց երեխաները 6։30 կամ 7։00-ին սովորաբար արթուն էին լինում։ Եվ սովորաբար այսքան շուտ արթնանում էին առաջին անգամ վրանում գիշերած երեխաները, ովքեր դեռ սովոր չեն քնապարկով և հատակին քնել։ Չնայած վաղ արթնանալու հանգամանքին, այնքան թարմ և առույգ էին լինում, ասես միշտ այդ ժամին են վեր կենում։ Ճամբարի 2-րդ օրը վարժանք ունենք, որը միաժամանակ արշավ է ենթադրում։ Վարժանքի վայրին՝ Ձորագետի կիրճի մեզ անհրաժեշտ գետի հարմար ափին հասնելու համար պետք է քայլենք 4,5 կմ և նույնքան էլ վերադառնանք։ Նախաճաշից հետո՝ ժամը 11։00-11։30 սկսում ենք քայլարշավը։ Ձորագետ գետի ափին՝ ծառերի ստվերին տեղավորվելուց հետո սկսում ենք մեր վարժանքը, այն է՝ գետանցում։ Գետանցումն արվում է ծառից ծառ կապված պարանների օգնությամբ, այսինքն գույք-հանդերձանքի և տեխնիկական միջոցների կիրառմամբ։ Սովորում ենք, թե ինչպես է պարանը հասնում մյուս ափ, ինչպես է պարանը մյուս ափ հասցնողն անցնում գետը, ինչպես են հագնում անվտանգության գոտին, սաղավարտը, ինչպես են օգտագործում զսպանակակեռիկը և այնուհետև հենց ինքներս էլ անցնում ենք գետը՝ հայտնվելով գետի փրփուն գալարների վրա՝ պարանից կախված։ Անտառներով, լեռներով, դաշտերով քայլելիս հաճախ գետը կտրում է ճանապարհը, ստիպելով ելք փնտրել։ Եվ այս դասի շնորհիվ սովորեցինք, թե ինչպես կարող ենք հաղթահարել այս արգելքը։ Պարանները կապելուց հետո Լոռէ փրկարար ջոկատի հրահանգիչները սովորեցրեցին, թե ինչպես կարելի է անցնել գետը, որ մասից է ճիշտ անցնել և ինչ ձևեր կան, լեռնային գետերը օրվա որ ժամին են վարար լինում և շատ այլ կարևոր բաներ։ Բոլորս հաջողությամբ անցանք գետը և զինվեցինք նոր հմտություններով։ Վարժանքից հետո լողացինք գետում, ճաշեցինք և հանգստացանք։ Արդյունքում  քայլեցինք 9կմ և գետանցում արեցինք։

Օր 3

Առավոտյան ժամը 8։00 է, երեխաներից շատերը դեռ քնած են և այնքան անուշ քնով, որ ձեռքդ չի գնում արթնացնել։ Արդեն քիչ-քիչ սովորում ենք վրանում քնելուն և առավոտյան ավելի ուշ արթնանում։ Բայց մենք պետք է շարժվենք ըստ ժամանակացույցի, առավոտյան 10։00-ին նախաճաշ ունենք, իսկ մինչ նախաճաշը՝ վազք և մարմնամարզություն։
Նախաճաշից հետո ճանաչողական զբոսանք ենք ունենում Ստեփանավանում, որի ընթացքում անպայման խաղահրապարկ ենք այցելում։ Զբոսանքն ամփոփում ենք Ստեփան Շահումյանի արձանի մոտ ավանդական խմբային նկար նկարվելով։ Ճաշից հետո հավաքվում ենք մագլցման պատի մոտ։ Նախքան մագլցելը սկսելը, երեխաները կարծում են, որ հեշտ ու հանգիստ կհասնեն մինչև վերջին քարը, բայց երբ ոտքն ու ձեռքը դնում են առաջին քարերի վրա, հասկանում են, որ իրենց պատկերացրածը չէր։ Կենտրոնացում, հավասարակշռություն, մարմնի ճիշտ դիրք, ուժ և ճկունություն է հարկավոր մագլցման համար։ Այստեղ կարևոր է վստահել պարանին և անվտանգություն ապահովողին։ Երբ վստահություն ես ձեռք բերում, ավելի հեշտ ես մագլցում, քանի որ վախը և անվստահությունը մագլցողի ամենամեծ թշնամին են։

Ազատ ժամերին, ոմանք հանգստանում էին, ոմանք փետրագնդակ կամ ֆուտբոլ խաղում։ Ֆուտբոլն արդեն մինչմարզային մակարդակի էր հասել։ Ստեփանավանի տղաներն ու Երևանի տղաները թիմերի էին բաժանվել և երեկոները ֆուտբոլային միջոցառման էին վերածել։
Երեկոյան կրկին խաղեր՝ մաֆիա, հալամուլա, անուն գոռոցի և անպայման խարույկ։ Վերջապես վրանների մեջ ենք ու պատրաստվում ենք քնել (եթե իհարկե երեխաները դավեր չնյութեն)։

Օր 4

Այս օրը սովորականից վաղ ենք արթնանում, քանի որ պետք է վերելք կատարենք Արչասար լեռ։ Նախորդ օրը երեկոյան նախապես դասավորել էինք ուսապարկերը՝ անձրևապաշտպան, տաք հագուստ, ջրաման, այնպես որ առավոտյան միայն պետք է հագնվեինք, լվացվեինք, ստանայինք արշավի համար նախապես պատրաստված նախաճաշն ու գնայինք։ 7։15 արդեն ճամփա էինք ընկել։ Ըստ եղանակի կանխատեսման ժամը 12։00-ից հետո անձրևի հավանականություն կար, այնպես որ պետք է հասցնեինք մինչ այդ իջնել սարից։ Դեպի գագաթ ճանապարհը սկզբում անցնում է անտառով ձգվող ճանապարհով, հետո անտառի կողքով և մոտեցնում լեռան լանջին, որի գագաթային հատվածը ժայռապատ է։ Քայլելով անտառի միջով նույնիսկ չես պատկերացնում, որ հնարավոր է միանգամից հայտնվես անտառից դուրս՝ ժայռերի վերևում։ Եվ հենց այդ պահին է, որ զգում ես գագաթ հասնելու երջանկությունը և հայտնվում Լոռվա կանաչի մեջ, որն ունի տարբեր երանգներ։

Երևանյան տապից հետո մեր ճամբարն իրական դրախտ է։ Մեղմ քամի, մաքուր օդ, թռչունների ծլվլոց, ծառերի խշոց, երեխաների խինդ ու ծիծաղ, այսպիսինն է մեր միջավայրը։

Օր 5

Շեփո՞ր, ինչի՞ համար… Մեր ճամբարում վերկացն ապահովում են թռչուններն իրենց երգով, սոճիների վրա վազող սկյուռիկները՝ վրանի վրա գցած կոներով և ճյուղերով, և իհարկե, վաղ արթնացող երեխաներն իրենց բարձր զրույցնրով և ծիծաղով։ Նման առավոտները հենց սկզբից գունավոր օր են ապահովում։

Ճամբարի 5-րդ օրը վարժանքաշատ է՝ մագլցում և պարանային փորձությունների այգու անցում։ Ճամբարի ընթացքում երկրորդ անգամ մագլցելով և անցնելով փորձությունների այգին, հասկանում ենք, որ փորձը մեծ դերակատարություն ունի։ Եթե առաջին անգամ վախը շատ էր խանգարում, անվստահ էինք կամ ճիշտ ձևը լավ չէինք պատկերացնում, ապա երկրորդ անգամ ամեն ինչ շատ ավելի հեշտ է տրվում։

Ոմանց նույնիսկ հաջողվում է մինչև վերջ մագլցել։ Երեկոն մեզ մոտ ըստ ավանդության խարուկի շուրջ է ավարտվում։

Օր 6

Գնալով երեխաներին ավելի դժվար է արթնացնելը։ Իհարկե պատճառը հագեցած օրերն են և վրանում քնելուն վարժվելը։ Եվ այստեղ է, որ համեղ նախաճաշը բաց թողնելու սպառնալիքը ստիպում է ավելի արագ դուրս գալ վրանից։

6-րդ օրվա վարժանքի համար մեզ հարկավոր էին պարան, անվտանգության գոտի, սաղավարտ, ձեռնոց, վայրէջքի սարքեր, զսպանակակեռիկներ և իհարկե կարգապահություն ու համարձակություն։ Ուսապարկերը զինեցինք անհրաժեշտ գույքով և շարժվեցինք դեպի անտառ, որտեղ և կազմակերպեցինք վարժանքը։ Մենք այնպիսի դիրքում հայտնվեցինք, որ մեզնից ցած անտառ էր, որը քիչ հեռվում ձգվում էր դեպի սարն ի վեր։ Պարանները կապվեցին, վերհիշեցինք անվտանգության կանոնները և սկսեցինք վարժանքը։ Սովորեցինք վայրէջքի սարքի օգտագործմամբ պարանով իջնել ցած։ Սկզբում դժվար է լինում զգալ մարմնի քաշը և ճիշտ կառավարել գործիք, բայց մի քանի անգամ փորձելուց հետո, ամեն ինչ տեղն է ընկնում։

Իսկ երկրորդ վարժանը ճահիճի արգելքի հաղթահարումն է։ Դե իհարկե իրական ճահիճի վրա չէինք անելու մեր վարժանքը։ Քարերի միջոցով ստացանք հնարավոր այն անցանելի տեղանքը, որով կարող էինք հաղթահարել ճահիճը և զգուշորեն սկսեցինք քայլել։ Եթե մեր ոտքը սայթակում էր, ստացվում էր, որ արգելքը հաղթահարված չէ։ Վարժանքն ավարտեցինք մրցույթով, որի ժամանակ ամենաարագ և առանց սայթակելու անցնող աղջիկը և տղան հաղթանակ գրանցեցին։

Երեկոյան վառեցինք վերջին խարույկը, բոլորս մի մարդու պես հավաքվեցինք կրակի շուրջ։ Չնայած երեկոյան սառնությանը խարույկից եկող ջերմությունը թույլ չէր տալիս մրսել։

Օր 7

Մեկնելու օրն արթնացանք սովորականից շուտ՝ ժամը 08։00-ի փոխարեն 07։00-ին։ Շուտ ենք արթնանում, որպեսզի հավաքենք վրանները և նախապես կիսատ-պռատ հավաքած իրերը վերջնական դասավորենք։  Երեխաներն առաջարկում էին հրահանգիչներին տաքսիով ճանապարհել Երևան, իսկ իրենք մնան ճամբարում, որը սակայն չընդունվեց։

Այս ճամբարային օրեր մեզ շատ բան տվեցին՝ գիտելիքներ, հմտություններ, ֆիզիկական ակտիվություն, նոր ընկերներ, արկածներ, բնության հետ մտերմություն, վախերը և դժվարությունները հաղթահարելու փորձառություն։ Ճամբարներին մասնակցեցին 52 երեխա։ Այս տարվա ճամբարները թվով 5-րդը և 6-րդն էին, և կային երեխաներ, ովքեր արդեն 3-րդ անգամ էին մասնակցում ճամբարին։ Այս փաստը, երեխաների, ինչպես նաև ծնողների կարծիքները թույլ են տալիս բարձրաձայնել ճամբարների հաջողված լինելու մասին, որը սակայն հիմք չէ նույն տեղում մնալու համար, այլ ոգեշնչում է նոր նախագծերի իրագործմանը։