Փոքրերի ու մեծերի ձեռքբերումները

Հոկտեմբերի 17-ին Էլիտ Պլազա Բիզնես կենտրոնի «Քրքորյան» սրահում հավաքվել էին լեռնասեր և լեռնագնաց մարդկանց ավագ և կրտսեր ներկայացուցիչներ: Բոլորին այստեղ միավորել էր նույն նախասիրությունն ու աշխատանքը, գաղափարն ու ծրագրերը, մեկը մյուսի հաջողության ու արած գործի մասին տեղեկանալու նպատակը:

Միջոցառման սկզբում ավարտական վկայագրեր հանձնվեցին 4 գագաթ լեռնային ակումբի 23-րդ խմբի անդամներին: Հետաքրքրական էր, որ կային երեխաներ, ովքեր ընտանիքից արդեն երրորդն էին, ովքեր մասնակցել էին 4 գագաթի դասերին, և դա հաշվի առնելով, հենց նրանց ավագ քույրը կամ եղբայրը հանձնեցին վկայագրերը:

Ավարտական վկայագրերի հանձնումից հետո անդրադարձանք «Պատանի լեռնագնաց» կրծքանշանի տրամադրման կարգին և կրծքանշաններ հանձնեցինք այս տարի Արագածի 4 գագաթների վերելք իրականացրած ութ երեխայի, այդ թվում՝ Արարատի վերելք կատարած երկու երեխայի: Էլիզան նաև ստացավ հավաստագիր այն մասին, որ ինքը հանդիսանում է ամենաերիտասարդ հայուհին, ով 10 տարեկան հասակում վերելք է կատարել Արարատ լեռ: Կրծքանշանները հանձնելուց հետո, ակումբի երեխաներից Յանան պատմեց, թե ինչպես են ինքը և քույրը վերելք իրականացրել Արարատ լեռ, իսկ հետո Հայկ Հայրապետյանը ներկայացրեց Պամիրում իր վերելքների մասին:

Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի 30-րդ խմբի անդամները ստացան ֆեդերացիայի անդամության վկայագրեր:

Միջոցառմանը հյուր էր նաև Վազգեն Սարգսյան անվան ռազմական համալսարանի ֆիզիկական պատրաստության ամբիոնի ղեկավար, գնդապետ Ռոման Կարապետյանը, ով ֆեդերացիայի անդամներին, ովքեր լեռնային պատրաստության թեմայով 250-300 կուրսանտների հետ դասեր էին անցկացրել, հանձնեց պատվոգրեր: