Արարատի մայրամուտը Մեծ Փարախադեմից
Կիրակի օրը երեխաների հետ բացեցինք հերթական գեղեցիկ էջը մեր լեռնային ճամփորդություններից։ Այս անգամ ուղևորվել էինք Արարատի մարզ՝ նպատակ ունենալով բարձրանալ Մեծ Փարախադեմ (1949մ) և վայելել մայրամուտի աննկարագրելի գեղեցկությունը։
Արշավի հենց սկզբից երեխաները ոգևորված էին (շատախոսությունը դրա վառ վկայությունն է)։ Սկզբում շատ շոգ էր։ Երեկոյին մոտ արևը դանդաղ թեքվում էր դեպի հորիզոն, և ոսկեգույն լույսը փաթաթվում էր լեռների գագաթներին և արդեն իսկ ոսկեգույն հագած լանջերին։
Մայրամուտին լեռները հագան իրենց նարնջագույն և կարմրավուն շղարշը, իսկ մենք խմբով նստած էինք՝ հիացած այդ պահի կախարդանքով։
Հետ իջնելիս, երբ մթնեց, միացրեցինք լապտերները, բայց ճանապարհին, երբ հանգստի համար կանգ առանք, մի պահ անջատեցինք լույսերը, պառկեցինք ու սկսեցինք նայել երկնքին։ Եվ այդ պահին մեզ դիմավորեցին երկնքում փայլող անթիվ աստղերը։ Ծղրիդների մեղմ ձայնը լրացնում էր լռությունը՝ ստեղծելով մաքուր բնության և խաղաղության մթնոլորտ։
Այս արշավը դարձավ ոչ միայն ֆիզիկական փորձություն, այլև նաև վառ հիշողություն․ երեխաները զգացին լեռների ուժը և մայրամուտի խաղաղ գեղեցկությունը։ Մենք հաղթահարեցինք 13 կիլոմետր երկարությամբ ուղի և 670 մ հարաբերական բարձրություն։




