IMG

Մագելանի քարանձավի գաղտնիքները

Մագելանի քարանձավի այցելությունը բոլորիս համար լրիվ ուրիշ արկած էր․ ոչ լեռնագնացություն էր, ոչ էլ բաց դաշտերում, անտառներում և կիրճերում երկար քայլք։ Այս անգամ մենք ոչ թե բարձրացանք լեռ, այլ խորասուզվեցինք ժայռի ներսը՝ բացահայտելու քարանձավի գաղտնի աշխարհը։

Սկզբում անցանք քարանձավի զբոսաշրջային մասը, որը լուսավոր է և հասանելի է բոլորին։ Այն նույնպես շատ գեղեցիկ է, բայց մենք անհամբեր սպասում էինք, թե երբ ենք հասնելու «վայրի» հատվածին՝ նեղ անցումներին, որտեղով շատ հազվադեպ են խմբերն անցնում։

Հասանք մի կետի, որտեղ թվում էր թե փակուղի է, բայց արի ու տես, որ անհրաժեշտ էր պառկել հատակին և նեղ մուտքով շարունակել ճանապարհը՝ցածր առաստաղի պայմաններում։ Հենց այստեղից էլ սկսեցինք շարժվել սողալով։ Լավ էր՝ պատրաստված էինք, այլապես մեծ ռիսկ կա գլուխը պարբերաբար ժայռին խփել։

Երեխաները սովորեցին շարժվել այլ միջավայրում՝ նեղ անցումներով, ցածր առաստաղներով ու մութ միջանցքներով։ Այստեղ կարևոր էր նաև լռություն պահել, որը մեզ մոտ այնքան էլ չէր ստացվում, չէ՞ որ ոգևորված էինք։

Քարանձավի մշտական 7–8°C է։ Բացի ստալակտիտներից՝ մենք հանդիպեցինք նաև հակառակ ուղղությամբ աճող քարե կազմավորումների՝ ստալագմիտների։ Ճանապարհի կեսին ուղեկցորդը հրահանգավորեց անջատել լապտեպները և քար լռություն պահպանել։ Տպավորությունը շատ ազդեցիկ էր՝ բաց աչքերով էինք, բայց ասես լրիվ փակ լիներ, այսպիսի լռությունն էլ ականջի համար անսովոր էր, նույնիսկ՝ վախեցնող։

Սովորեցինք, թե ինչպես են ձևավորվում քարանձավները, ինչու է պետք պահպանել դրանք, և ինչ առանձնահատկություններ ունեն նման ստորգետնյա էկոհամակարգերը։

Չմոռոնանք նաև ճանապարհին պարբերաբար հանդիող չղջիկներին։ Բայց քարանձավի խորքում մեզ սպասում էր ևս մեկ անակնկալ․ մի անկյունում նկատեցինք չղջիկների փոքր գաղութ, որոնք խաղաղ քնած էին առաստաղին։ Երեխաների համար սա դարձել էր իսկական հրաշք, որովհետև նման կենդանիներին սովորաբար միայն գրքերում կամ նկարներում են տեսնում։

Քանի որ նրանց հանգիստը կարևոր էր, և վտանգ կար, որ նեղ հատվածով անցնելիս կարող էինք պատահաբար դիպչել նրանց, մենք որոշեցինք այդ մասը չանցնել։ Երեխաները հասկացան, թե ինչպես է բնության հանդեպ հարգանքը երբեմն նշանակում մեկ քայլ հետ անել ու ուրիշ ճանապարհ ընտրել։ Քարանձավը ոչ միայն քարե անցումների ու մթության աշխարհ է, այլ նաև բազմաթիվ կենդանիների տուն, որոնցից յուրաքանչյուրն իր տեղն ու դերն ունի էկոհամակարգում։