DSC ()

Վերելք Խուստուփ լեռ

2026 թվականի հունիսի 19-ին մեկնեցինք Սյունիք՝ հերթական բարձրալեռնային վերելքն իրականացնելու։ Այս անգամ մեր նպատակը Կապանի բնապատկերում իշխող, վեհաշուք Խուստուփն էր։

Խուստուփ լեռը գտնվում է Սյունիքի մարզում՝ Կապանից մոտ 9–10 կմ հարավ-արևմուտք, Խուստուփ-Կատարի լեռնաշղթայում։ 3201 մ բարձրություն ունեցող լեռն առանձնանում է մասնատված լանջերով, ժայռոտ պատերով, քարափներով ու հարուստ ալպյան բուսածածկույթով։ Նրա հյուսիսարևելյան լանջերն անտառապատ են, իսկ տարբեր լանջերից սկիզբ են առնում Գեղանուշ, Վաչագան և Շիշկերտ գետերը։

Խուստուփը նաև պատմական ու խորհրդանշական նշանակություն ունի։ Այն սերտորեն կապված է Գարեգին Նժդեհի անվան հետ, իսկ նրա մասունքների մի մասն ամփոփված է լեռան լանջին՝ Կոզնի աղբյուրի մոտ։

Առաջին օրը Երևանից երկար ճանապարհ անցանք և հասանք Կապան։ Այնտեղից ճանապարհը շարունակեցինք արտաճանապարհային մեքենաներով՝ բարձրանալով մինչև ծովի մակերևույթից մոտ 2000 մ բարձրության վրա գտնվող վրանատեղին։

Մեր ճամբարը գտնվում էր Խուստուփի վեհաշուք հայացքի ներքո։ Կանաչ, ծաղկած լանջերին շարված վրաններից վեր բարձրանում էին լեռան հսկայական, բաց գույնի ժայռապատերը։ Դաշտային ծաղիկները, շրջակայքում արածող ձիերն ու լեռնային խաղաղությունը տեսարանը դարձրել էին գրեթե հեքիաթային։ Միայն մի բան էր խանգարում Խուստուփը լիարժեք վայելելուն՝ տարածքի անսովոր շատ մոծակները։ Այդպիսի քանակությամբ մոծակներ լեռներում դեռ չէինք հանդիպել։

Հաջորդ օրը Խուստուփը մեզ դիմավորեց մեղմ ու քաղցր գույներով արևածագով։ Առավոտյան առաջին լույսը ոսկեգույն ու վարդագույն երանգներով լուսավորեց լեռան ժայռերը, իսկ հեռվում իրար հաջորդող Սյունյաց լեռնաշղթաները դեռ քնած էին թեթև մշուշի մեջ։ Վաղ առավոտյան հավաքվեցինք և սկսեցինք վերելքը։

Երթուղին անցնում էր խոնավ ու փարթամ բուսականությամբ պատված լանջերով։ Որոշ հատվածներում խոտերն այնքան բարձր էին, որ գերազանցում էին երեխաների հասակը։ Ճանապարհին խորը ձորակից լսեցինք արջի մռնչոցը՝ ևս մեկ անգամ զգալով, որ գտնվում ենք վայրի բնության կենդանի ու անկանխատեսելի աշխարհում։

Օրվա ամենահիշարժան պահերից մեկը քարայծի ու նրա ձագուկի հայտնվելն էր։ Նրանք մեզ շատ մոտ էին՝ Խուստուփի քարքարոտ լանջին։ Մայր քարայծն ու փոքրիկ ձագը վստահորեն շարժվում էին ժայռերի վրայով։ Այդ հանդիպումն իսկական նվեր էր բնության կողմից և դարձավ վերելքի ամենաթանկ հիշողություններից մեկը։

Եղանակն ամբողջ օրվա ընթացքում իդեալական էր։ Պարզ երկինքն ու լավ տեսանելիությունը հնարավորություն տվեցին ոչ միայն վայելել ճանապարհը, այլև գագաթից տեսնել Սյունիքի բնությունն իր ողջ գեղեցկությամբ։

Վերջին հատվածում կանաչ լանջերը փոխարինվեցին Խուստուփին բնորոշ ժայռոտ ու քարքարոտ տեղանքով։ Մեր երեխաների ուժեղ խումբը, պահպանելով միասնականությունը, մի մարդու պես հասավ գագաթ։ Բարձունքից մեր առջև բացվեցին խոր ձորերը, անտառապատ լանջերը, կանաչ լեռնաշղթաներն ու հեռավոր գագաթները։ Այդ պահին անցած ճանապարհի ամբողջ հոգնածությունն իր տեղը զիջեց հպարտությանը և լեռան գագաթին լինելու ուրախությանը։

Վերելքից հետո վերադարձանք վրանատեղի, իսկ երրորդ օրը ճանապարհ ընկանք դեպի Երևան՝ մեզ հետ տանելով Խուստուփի արևածագի գույները, վայրի բնության հետ հանդիպումների հուզմունքն ու ևս մեկ միասնական հաղթանակի հիշողությունը։

Երթուղու երկարությունը՝ 12 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 1150 մ
Խուստուփի բարձրությունը՝ 3201 մ

DSC

DSC ()

DSC ()

DSC

DSC

DSC

DSC

DSC

DSC