Ճամբար Սևանում

Այս տարի առաջին անգամ «Վրանային ճամբար»-ներից երկրորդ հերթափոխն անցկացրեցինք Սևանի ափին՝ Armenian Camp/Հայկակա ճամբարում: Օգոստոսի 7֊13֊ի համար վրանային բնակատեղի պատրաստեցինք և պատրաստվեցինք գեղեցիկ օրեր անցկացնելուն։ Ծրագիրն այնպես էր կազմված, որ օրվա առաջին կեսը լեռներում պետք է անցներ, իսկ երկրորդ կեսը՝ ջրում: Սակայն բարձր ջերմային ֆոնի հետևանքով որոշ վերելքներ չեղարկեցինք՝ բարձրանալով միայն Կարմրաբերդ և Դիվանց լեռները: Փոխարենը, ընկեր Սեմի շնորհիվ հմտացանք կանոե թիավարելու գործում: Նույնիսկ կարողացել ենք թիավարել ճամբարի ափից դեպի Արտանիշ թերակղզու ափ:

Դե պատկերացրեք՝ մի մեծ Սևանա լիճ, 42 երեխա, որոնցից 28-ը պստիկ֊մստիկներ, զինված փրկաբաճկոններով և թիակներով, շատ լուրջ և կենտրոնացած դեմքով ինքնուրույն թիավարում են: Պատկերը շատ գեղեցիկ էր, հատկապես, երբ պստոներից որևէ մեկը հաշիվ էր տալիս՝ կառավարելով ճիշտ ուղությունը: Ու կարևորը, որ հենց երեխաներն էին կանոեները նախապատրաստում ջուր դուրս գալուն և վերջում էլ մաքրում դրանք և տեղավորում գույքը: Երբ արդեն բավարար հմտացել էինք թիավարելու հարցում, մրցույթ անցկացրեցինք, որն անցավ շատ ուրախ և թեժ:

Իսկ երեկոյան Սևանի ափին վոլեյբոլ խաղալն էլ մեկ այլ հաճույք էր: Վերջին օրը վոլեյբոլի «Սևանի գավաթ» անվանումով առաջնություն անցկացրեցինք, որը բավականին կանոնազանց էր, բայց հավես։ Կինոդիտաման օր ևս ունեցանք՝ կլանվելով իրական փաստերի վրա հիմնված «Էվերեստ» ֆիլմում զարգացող իրադարձությունների մեջ, քննարկելով լեռնագնացների սխալները։

Իսկ թե ինչքան լիցքաթափող և ռիթմիկ անցավ ճամբարի 4-րդ օրը, դա տեսնել և վայելել էր պետք: Երեխաներից Մայայի հայրիկն անակնկալ էր արել՝ հրավիրելով DJ-ի, ով ափը ողողեց ժամանակակից ռիթմերով, ստիպելով բոլորին պարել և երգել, ընկնել երաժշտության ալիքների մեջ և շարժվել ռիթմին համապատասխան:

Յոթ օր Սևանի ափին ապրելուց հետո Երևան վերադարձանք սևամորթ դարձած։

Մի խոսքով, ստացված ճամբար էր, քանի որ երեխաները վերջում հարցնում էին՝ մյուս տարի էլ կգանք, չէ՞, իսկ դա նշանակում է, որ հաջորդ տարի ևս կհամագործակցենք Armenian Camp/Հայկակա ճամբարի հետ: