Չորս գագաթ

Օգոստոսի 18-20-ը մեզ հաջողվեց իրականացնել Արագածի 4 գագաթների վերելքը: Միայն մենք գիտենք, թե ինչպես ենք պատրաստվել այս վերելքին, ինչ ճանապարհ ենք անցել, որպեսզի կարողանանք վերելքն իրականցնել մաքսիմալ անվտանգ և լավ ինքնազգացողությամբ: Անկախ ամեն ինչից, միևնույն է, ռիսկ միշտ էլ կա, բայց երեխաների այս խմբի պատրաստվածությունը, այդ թվում կարգապահության, դիմացկունության, ակլիմատիզացիոն ծրագիրն անցնելու առումով, հավատ էին ներշնչում, որ կկարողանանք հաղթահարել Արագածի 4 գագաթների բարձրությունը: Նախքան այս վերելքներին հասնելը Ռապի լճից քայլել էինք Մթնալիճ, հասնելով 3500մ բարձրության, վերելք ենք իրականացրել Արագածի 3887մ բարձրությամբ Հարավային գագաթ, այնուհետև՝ Ալուկ լեռ, որն էլ ունի 3707մ բարձրություն: Դի իհարկե նախքան այս բարձր լեռնային վերելքներին հասնելն էլ ավելի ցածր գագթներ ենք բարձրացել:

Օգոստոսի 18-ին 14 երեխա Քարի լճից սկսեց քայլել երազանքին ընդառաջ: Քայլել սովորականից ծանր՝ մեջքին կրելով ոչ մշտական ծանրություն. երեք օրվա սնունդ, քնապարկ և գորգիկ: Առաջին օրվա դժվարությունը հենց այդ ծանրությունով Հարավային գագաթ հասնելն էր: Ոգևորվածությունից էր, թե փորձից և ֆիզիկական լավ վիճակից, բայց երեխաները երեք ժամում, այդ ծանր ուսապարկերով հասան Հարավային գագաթ: Կարճ դադարից հետո Հարավային գագաթից իջանք հարավ-արևմտյան թամբ, ուսապարկերը թողեցինք այնտեղ, և թեթև-թեթև սկսեցին բարձրանալ Արևմտյան գագաթը: Արևմտյանի գագաթին էլ ավելի քիչ մնացինք, քանի որ եղանակը հուշում էր, որ անհրաժեշտ է արագ ցած իջնել՝ ամպրոպի ռիսկի պատճառով: Բարեբախտաբար ամպերը հեռվում էև որոտում, և մենք հաջող ցած իջանք, վերցրեցինք ուսապարկերն ու շարժվեցինք դեպի խառնարան: Այնտեղ նախապես մեր ավագ ընկերները՝ Սամվել Մանուկյանը, Տիգրան Աբգարյանը և Աշոտ Պապոյանը վրաններ էին տեղադրել և մեզ միայն մնում էր տեղավորվել վրաններում: Տիգրանը և Աշոտը այդ օրը հետ վերադարձան: Գիշերը քամոտ էր և ցուրտ։

Օգոստոսի 19-ին, 7:30 սկսեցինք քայլել: Հաշվի առնելով քարաթափության ռիսկը՝ Սամվելի որոշմամբ առաջինը բարձրացանք Արևելյան գագաթը: Այս մի գագաթն էլ շատ հանգիստ հաղթահարեցինք ու ոգևորված անցանք Հյուսիսային գագաթին: Եղանակը առավոտից շատ լավն էր, ու պետք էր հասցնել օգտվել նրանից՝ կեղծից իրական անցումը չբարդացնելու համար: Հասանք կեղծ գագաթ, բաժանվեցինք չորս խմի և սկսեցինք առանձին 4 հոգանոց խմբերով հերթով անցնել: Դե կարծում ենք հասկանալի է, թե ինչքան կենտրոնացում և վախի հաղթահարում է պահանջում կեղծից իրական անցումը: Վստահաբար կարող ենք պնդել, որ պատասխանատու հրահանգիչներն ավելի «լարված» էին, քան երեխաները: Եվ այսպես, մեզ հաջողվեց հասնել Հյուսիսային գագաթ, կանգնել Հայաստանի ամենաբարձր՝ 4090մ կետում, իրականացնել երազանքը: Գագաթից հետո սկսեցինք իջնել դեպի խառնարան: Այդ գիշեր էլ մնացինք խառնարանում:

Օգոստոսի 20-ին, թեև զարթուցիչներ էինք դրել ժամը 08:00-ին, բայց արթնացանք ավելի վաղ՝ ուղղաթիռի ձայնից: Մեզնից քիչ վերև ևս վրաններ կային, ուղղաթիռն իրենց մոտ էր եկել: Առավոտյան նախաճաշից հետո սկսեցինք հավաքվել և շարժվել դեպի Գեղարոտ: Գեղարոտի ջրվեժին կարճ ողջունելուց հետո, արդեն մեքենայով շարժվեցինք դեպի Արագած գյուղ, իսկ այնտեղից էլ՝ Երևան:

Այս բոլոր օրերի ընթացքում, երեխաների աշխուժությունը ոչ թե նվազում էր, այլ՝ երկրաչափական պրոգրեսիայով աճում:

Այսպիսով, ակումբի 2-րդ խումբ երեխաներին հաջողվեց իրականացնել Արագածի 4 գագաթների վերելքը, ինչի կապակցությամբ շնորհավորում ենք նրանց և շնորհակալություն հայտնում ծրագրի իրագործմանը իրենց ներդրումն ունեցած անձանց և իհարկե` ծնողներին: