Գիքոր արահետ
Փետրվարի մեկին ճանապարհ ընկանք դեպի Լոռի։ Արշավը սկսեցինք Դսեղից․ գյուղից դուրս գալով հայտնվեցինք լայնարձակ դաշտում, այուհետև ձորի՝ եզրին։ Առաջին քայլերն արեցինք Գիքոր արահետով՝ ճանապարհ, որն ինքնին արդեն պատմություն է։
Արահետի սկզբում ձյունը հիշեցնում էր ձմռան մասին․ սպիտակ բծեր, սառը հող, խոնավ օդ։ Բայց մի քանի քայլ անց անտառը փոխվեց։ Ձյունը մնաց ետևում, և մեզ շրջապատեց աշնանային անտառը՝ չոր տերևներով, մամռակալած քարերով ու խոնավ բույրով։ Թվում էր՝ եղանակները խառնվել են իրար, և մենք քայլում ենք մի քանի ժամանակի միջով, ոչ թե պարզապես արահետով։
Հասանք ջրի աղբյուրին և երեխաներին պատմեցինք, որ հենց այս վայրում է նկարահանվել «Գիքոր» ֆիլմը՝ Հովհաննես Թումանյանի համանուն պատմվածքի հիման վրա։ Ջուրը շարունակում էր հոսել, ինչպես տարիներ առաջ, իսկ պատմությունն ասես վերակենդանացավ երեխաների երևակայության մեջ։ Այդ պահին Գիքորը պարզապես գրքի կամ ֆիլմի հերոս չէր․ նա դարձել էր այս անտառի մի մասը, ինչու ոչ՝ մեր արշավական ընկերը։ Նաև տեղում դիտեցինք ֆիլմի այն հատվածը, երբ Գիքորն այդ աղբյուրից ջուր է խմում։
Արահետի կեսին, անտառի խորքում, մեզ դիմավորեց Բարձրաքաշ Սուրբ Գրիգորի վանքը։ Լուռ, բայց հզոր, ավերված, բայց միևնույն ժամանակ՝ կանգուն։ Նրա շուրջը՝ բազմաթիվ մամռակալած խաչքարեր, որոնց վրա ժամանակը թողել էր իր կանաչ հետքը։ Մենք կանգ առանք այստեղ ոչ միայն հանգստանալու, այլ նաև լսելու։ Երեխաներին պատմեցինք այս վայրերի պատմական ու մշակութային ժառանգության մասին, խաչքարերի խորհուրդը, վանքի նշանակությունն ու պատմությունը, կառուցվածքի առանձնահատկությունը և թե ինչու է կարևոր ճանաչել ու պահպանել նման վայրերը։
Ամբողջ ճանապարհին երեխաները քայլում էին ուշադիր՝ մեկը մյուսին օգնելով, քարերի վրայով անցնելիս ձեռք մեկնելով, երբեմն լուռ, երբեմն՝ լի հարցերով։ Ոմանք կանգնում էին բարձր քարերի վրա՝ կարծես փոքրիկ գագաթներ նվաճած լինեին, մյուսները ուսումնասիրում էին մամուռը, ջուրը, ծառերի ճյուղերը։
Այս արշավը հանդիպում էր բնության, գրականության և պատմության հետ։ Ահա թե ինչպես մեկ արահետը կարող է միավորել եղանակներ, ժամանակներ ու պատմություններ։










