Օրգովի ռադիոօպտիկական աստղադիտակ

Այս կիրակի օրվա արշավը տարբերվում էր մեր մյուս արշավներից: Սովորական է, երբ արշավի ընթացքում այցելում ենք նաև պատմամշակութային նշանակություն ունեցող վայրեր, բայց այս անգամ արշավը գիտական ավարտ ունեցավ: 25.02.2024թ. ուղևորվեցինք դեպի Արագածոտնի մարզ և Բյուրականից քայլեցինք դեպի Օրգով: Սկզբում բավականին ցուրտ էր, բայց աստիճանաբար արևը սկսեց ջերմացնել: Այս երթուղին բավականին հեշտ է, եթե Ամբերդ գետն անցնելու խնդիրը չլինի: Ծանոթ լինելով երթուղուն և գետի՝ այս սեզոնին վարար լինելուն, պատրաստված էինք գնացել՝ վերցնելով նաև պարան: Գետի վրա պարանով ճոպան կապեցինք և ապահով անցանք գետը: Տրամադրություններս միլիոն էր: Հասանք Օրգով գյուղ, ներկայացրեցինք նախապես ստացած թույլտվությունը և մտանք Արագած գիտական կենտրոն, որտեղ և գտնվում է «Հերունու հայելային ռադիոաստղադիտակի» գլխավոր կիսագնդային հայելին: Հենց այստեղ է, որ վայելեցինք ռադիո-օպտիկական աստղադիտակի հսկայական և մոգական խորությունը: Հայ ինժեներների, վարպետների, շինարարների կողմից ստեղծված այս հսյական և եզակի օբյեկտը շարունակում է հիացմունք և զարմանք առաջացնել: Զարմանք է առաջացնում նաև այն փաստը, որ այս կարևոր գիտական նշանակություն և եզակի կենտրոնը այսքան անմխիթար վիճակում է և ճիշտ պահպանության, ուշադրության և գործածության չի արժանանում: Բացի այդ տեսանք նաև արևային ժամացույցը, շենքում տեղակայված տարբեր կառավարման համակարգեր, և մի սև տարածք, որը հավանաբար ձայնամեկուսիչ նշանակություն է ունեցել: Երեխաներին բավականին հետաքրքիր էր, և կարևորը, որ բացի ֆիզիկական ակտիվությունից (քայլեցինք 5կմ, հաղթահարեցինք 400մ հարաբերական բարձրություն), նաև նոր գիտելիքներ ձեռք բերեցինք, ծանոթացանք մեր երկրի գիտական նվաճմանը, ծանոթացանք Պարիս Հերունի ակադեմիկոսի հետ: