Շատիվանք

Տարին մոտենում է ավարտին, բոլորս վերլուծում ենք, թե ինչպես այն անցկացրեցինք և մտովի սկսում ենք պատրաստվել գալիք տարվան: Մենք էլ 2023թ.-ի վերջին արշավը իրականացրեցինք դեկտեմբերի 24-ին, ուղևորվելով դեպի Վայոց Ձորի մարզ՝ Շատիվանք:

Ճիշտն ասած, ոգևորված լինելով նախորդ կիրակի օրը «Ճանապարհորդ» արշավական ակումբի՝ բեզուարյան այծերի խումբ տեսնելով, մենք էլ հույս ունեինք գնալ և տեսնել նրանց: Բայց հենց սկզբից պարզ էր, որ չենք տեսնելու: Կհարցնեք ինչու՞: Հմմ, զարմանալի է, որ նման հարց է առաջանում ձեզ մոտ: Ախր երեխաներն այնքան աղմկոտ են և աշխույժ, որ տարածքում ոչ մի կենդանի չի մնում մեր ձայներից: Ինչքան էլ փորձեցինք լուռ քայլել, ոչինչ չստացվեց:

Եվ´ բնությունն էր գեղեցիկ, և´ մեր տրամադրությունը, և´ երեխաները: Երբեմն զարմանում ես, թե ինչպե՞ս է, որ երեխաները (նաև ծնողները) չեն խուսափում ձուն ձմեռով արշավելուց:

Շատին գյուղից քայլելով ձորամիջյան արահետով՝ հասանք Շատիվանք, որը Վայոց ձորի երկարատև կյանք ունեցող վանքերից է եղել: Ըստ Ստ. Օրբելյանի վկայության՝ կառուցվել է 929թ.-ին: Ցավոք, այս քարե մատյանը, արժանի պահպանություն չունի:   

Մի տեսակ չարաճճի արշավ ստացվեց՝ էլ ձնագնդիկ, էլ սառույցի վրա գեղասահք, էլ սառած ջրափոսերը ջարդել, էլ թռիչքով ֆոտոշարք, էլ իրար մրգերի անուններով մականուններ դնել. ամենաստացվածը թերևս Էվակադոն էր: Զիլ օր էր, քանի որ արշավին հաջողացրել էին մասնակցել նաև ընդունելաության պատրաստվող, Երևանից դուրս սովորող պատանիները՝ օգտվելով արձակուրդից: Տարին հավես արշավով ավարտեցինք …

Քայլեցինք 10,5 կմ և հաղթահարեցինք 600մ բարձրություն: