Ձմեռային հեքիաթ՝ Արփայի կիրճ

Ինչպե՞ս եք անցկացրել Ձեր հանգստյան օրերը, այն որևէ հետք կթողնի՞ Ձեր հուշերում: Իսկ մեր հանգստայան օրերից կիրակին միանշանակ ամենահիշվողներից կլինի, քանի որ այն ոչ միայն գեղեցիկ էր և հեքիաթային, այլև լի էր խենթություններով:

14.01.2024թ.-ին ուղևորվեցինք դեպի Վայոց Ձորի մարզ՝ քայլելու Արփայի կիճով, այցելելու՝ Գնդեվանք վանական համալիր: Պատահական չէինք հենց այս մարզը ընտրել: Պատճառը առատ ձյան տեղումներն էին: Պետք չէ զարմանալ, շատերը նախընտրում են նստել տանը, տաք միջավայրում, իսկ մենք խենթություն էինք փնտրում և գնացինք մեր ցանկությունների հետևից: Ցրտոտ առավոտյան շարժվեցինք Երևանից: Ինչքան մոտենում էինք Վայոց Ձորին, այնքան հասկանում էինք, որ ճիշտ ընտրություն ենք արել: Սարերը ճերմակ էին հագել, որոնց վրա գեղեցիկ նախշեր էին պատկերել ծառերը: Իսկ թեթև մշուշը էլ ավելի խորհրդավոր էր դարձրել բնությունը: Հասանք Գնդեվազ գյուղ, որտեղ տանիքները ծանրացել էին ձյան հաստ շերտի տակ, իսկ սառցալեզվակներն էլ տանիքի եզրով ցած էին կախվել: Դե ինչպես միշտ, տեսնելով արշավական երեխաներին, տեղացիների դեմքին զարմանք նկարվեց: Հենց քայլելու սկզբում հասկցանք, որ ձյան պակաս չենք ունեն, դեռ գյուղում ձյունը ծնկներին էր հասնում: Արփայի կիրճը աննկարագրելի գեղեցիկ էր, որի խորքում՝ հարմար բարձունքի վրա Գնդեվանքն էր երևում: Թեև դեպի վանք իջնող արահետը ձյան պատճառով չէր երևում, բայց բարեհաջող իջանք այն: Գյուղից մի շուն էր միացել մեզ, և նա էլ էր շարքի մեջ քայլում: Երեխաները շատ արագ ընկերացան և սիրեցին շանը, նույնիսկ անուն որոշեցին՝ Ռեքս: Գնդեվանքում շրջելուց և ծանոթանալուց հետո, «գնացինք ձնամարտի հրապարակ», որտեղ կրքերն այնքան թեժացան, որ էլ ձյուն չէր մնացել իրար խփելու համար (կատակ): Ձնագնդիկ խաղալուց հետո մի գեղեցիկ ձնեմարդ պատրաստեցինք, ուրախացանք, նկարվեցինք և սկսեցին հետ վերադառնալ: Ամբողջ ընթացքում երեխաների ուրախ ձայները չէին դադարում, աստիճանաբար սառում էինք, բայց դրանից ոգևորվածությունը չէր պակասում: Երեխաների արշավը բավականին կոփում է և օգնում դիմացկունություն զարգացնել:

Այսպիսին էր մեր խելառ արշավը Արփայի կիրճում: Քայլեցինք 6կմ, հաղթահարեցինք՝ 250մ բարձրություն: